Անկարան դատապարտում է Մակրոնին

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Թուրքիան դատապարտել է Ֆրանսիայի նախագահին և վիրավորական համարել նրա պնդումները, թե Աֆրինի քրդերի դեմ սկսված ռազմական գործողությունը չի կարող արդարացնել ներխուժումը Սիրիա:

Նախօրեին ֆրանսիական մամուլին տված հարցազրույցում Էմանյուել Մակրոնը պնդել էր, թե թուրքական բանակի հարձակումները պետք է տեղավորվեն ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում, և որ Անկարան պետք է դրանք համակարգի ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ:

«Մենք օգտվում ենք ինքնապաշտպանության մեր իրավունքից, սա համապատասխանում է ՄԱԿ-ի բանաձևերին, և վիրավորական ենք համարում, երբ Ֆրանսիան այս հարցում մեզ ցուցումներ է տալիս», - այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Ավելի վաղ թուրքական հարձակումը քննադատել էին նաև ՆԱՏՕ-ի անդամ մյուս դաշնակիցները, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, որը համագործակցում է Սիրիայի քրդերի հետ՝ ահաբեկչության դեմ պայքարում: