Իրանական տանկերը խորտակվում է՝ մարելով անձնակազմի փրկության վերջին հույսերը

Արևելաչինական ծովում չինական բեռնանավի հետ բախման հետևանքով վթարված իրանական նավթային տանկերը խորտակվել է՝ մարելով անձնակազմի անհետ կորած անդամներին փրկելու վերջին հույսերը:

Չինաստանի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ նավը, որը մասամբ ընկղմված լինելով ջրի մեջ շարունակում էր այրվել հունվարի 6-ից ի վեր, վերջնականապես խորտակվել է այսօր վաղ առավոտյան:

Աղետի վայրում աշխատող իրանցի փրկարարական թիմի խոսնակ Մոհամմադ Ռասթադը հայտարարել է, որ «անձնակազմի անդամների մեջ փրկվածների հայտնաբերելու որևէ հույս չկա»:

Ենթադրաբար, հրդեհի պահին նավում գտնվել են 30 իրանցիներ և երկու բանգլադեշցիներ: Փրկարարները հայտնաբերել են երեք մարմին, անձնակազմի մյուս 29 անդամներ անհետ կորած են համարվում:

Իրանական «Սանչի» տանկերը Իրանից Հարավային Կորեա էր տեղափոխում 1 միլիոն բարել կոնդենսատ՝ գերթեթև, խիստ բռնկուն և պայթուցիկ վառելիք։ Այն բախվել է չինական «ՍիԷֆ Քրիսթալ» բեռնանավի հետ, որը հացահատիկ էր տեղափոխում: Չինական բեռնանավի անձնակազմի բոլոր 21 անդամները փրկվել են: