Նալբանդյան․ Բանակցությունները շարունակվում են, և դրանք ձևական բնույթ չեն կրում

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը արդյունքներ չի գրանցում ինը պատճառով․ դրանք այն խոչընդոտներն են, որոնք տարիներ շարունակ առաջ է քաշում Ադրբեջանը, և հենց դրանց պատճառով չի ստացվում բանակցություններում առաջընթաց գրանցել: Ըստ արտգործնախարարության պաշտոնական կայքի, Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշարին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Մեր ու Ադրբեջանի մոտեցումների տարբերությունը, էական տարբերությունը հենց նրանում է, որ Ադրբեջանը փորձում է ինչ-որ հորինած առաջարկներ ներկայացնել՝ իբրև թե համանախագահների կողմից արված, ինչ-որ հորինած բանակցային գործընթացներ ներկայացնել, որոնք չեն համապատասխանում իրականությանը», - ասել է Նալբանդյանը:

Արտգործնախարարի խոսքով՝ բանակցությունները շարունակվում են, և դրանք ձևական բնույթ չեն կրում։ Իսկ թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվում բանակցությունների ժամանակ, նա մանրամասնել է. - «Առաջինը. լրացուցիչ քայլեր ձեռնարկել՝ նվազեցնելու լարվածությունը շփման գծում, և ինտենսիֆիկացնել բանակցային գործընթացը: Ինչպե՞ս կարելի է նվազեցնել: Դրանց մասին ասվել էր և պայմանավորվել էինք Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում գագաթնաժողովների ժամանակ: Իսկ Դուք լավ գիտեք, և ոչ միայն Դուք, բոլորը լավ գիտեն, որ Ադրբեջանը ամեն ձևով փորձում էր ձևացնել, որ պայմանավորվածություններ չկան, ամեն քայլ ձեռնարկում էր, որ այդ պայմանավորվածությունները կյանքի չկոչվեն, և անգամ ասում էր, իբրև թե Հայաստանը նախապայմաններ է առաջ քաշել, որ պետք է իրականացվեն, որպեսզի բանակցություններն ընթանան: Սա իրականությունից շատ հեռու էր»:

Եվ եթե անգամ նախագահները հոկտեմբերի Ժնևում տեղի ունեցած հանդիպմանը պայմանավորվեցին լարվածությունը նվազեցնել, ըստ Էդվարդ Նալբանդյանի, հարց է առաջանում՝ արդյոք Ադրբեջանը պատրա՞ստ է ստանձնել այդ հանձնառությունը։ «Եթե Ադրբեջանը չի կարողանում զինադադարի համաձայնագրերի իրականացման վերաբերյալ վերահաստատել իր հանձնառությունը, ինչպե՞ս մենք կարող ենք խոսել շփման գծում լարվածության նվազեցման, իրական, էական նվազեցման մասին», - ընդգծել է նա:

Հայաստանի արտգործնախարարի խոսքով՝ բանակցությունների ընթացքում ձեռք բերված ամեն պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը հետքայլ է արել․ - «Սա է պատճառը, որ մենք չենք կարողանում առաջընթաց արձանագրել»։

Եվրամիությունում «եկան այն եզրակացության, որ ճիշտը «և՛, և՛»-ն է»

Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրմանը, որն, ըստ էության, Հայաստանի արտաքին քաղաքականությունը տանելու է «և՛-և՛» սկզբունքով, Էդվարդ Նալբանդյանը որոշակի փակագծեր է բացել 2013 թվականին չստորագրված Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի մասին․ - «Երբ որոշում ընդունվեց, որ մենք բանակցային գործընթաց ենք սկսում Մաքսային միությանը միանալու և ապագայում նաև ԵԱՏՄ-ին անդամակցելու շուրջ, հաջորդ օրը ես Բրյուսելում էի: Բրյուսելում իմ հանդիպումների ժամանակ մենք ցանկություն հայտնեցինք ստորագրել այն, ինչ մենք բանակցել էինք: Բրյուսելից ասվեց՝ չենք կարող, որովհետև դուք ԵԱՏՄ ուղղությամբ եք գնալու, և այդ պատճառով դժվար է դա համատեղել: Հիմա բոլոր մանրամասների մեջ չմտնենք, բայց հնչեցին նաև կարծիքներ, որ «կա՛մ, կա՛մ» պետք է լինի: Եվ մեր դիրքորոշումն էր, որ, ո՛չ, «և՛, և՛»:

Նալբանդյանը հարցազրույցում նաև հայտարարել է, որ 2013-ի նոյեմբերին` Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթնաժողովից ժամեր առաջ ինքն ու այն ժամանակ Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը նամակներ են փոխանակել․ - «Այսօր բացում եմ որոշ փակագծեր. փոխանակեցինք նամակներ, որոնց մասին չհրապարակվեց: Չհրապարակվեց ոչ մեր պատճառով: Ի՞նչ էր ասվում այդ նամակների մեջ: Իմ նամակում ասվում էր, որ Հայաստանը պատրաստ է զարգացնել, խորացնել, ընդլայնել իր հարաբերությունները, համագործակցությունը բոլոր հնարավոր, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում և ուղղություններով Եվրամիության հետ` նկատի ունենալով Հայաստանի պարտավորություններն այլ ինտեգրացիոն գործընթացներում: Ի՞նչ էր պատասխանում իր նամակում Էշթոնը: Նա նշեց, որ ողջունում է այդ մոտեցումը»:

Իսկ հարցին, թե ինչպե՞ս Եվրամիությունը փոխեց իր դիրքորոշումը՝ թույլ տալով Հայաստանին ԵԱՏՄ կազմում լինելով հանդերձ խորացնել Եվրամիության հետ համագործակցությունը, նախարարը պատասխանել է․ - «Իրենք եկան այն եզրակացության, որ ճիշտը «և՛, և՛»-ն է, և ճիշտը նա է, որ այնպիսի փաստաթուղթ բանակցվի, որը նաև նկատի կառնի Հայաստանի պարտավորություններն այլ ձևաչափերում: Եվ դա է պատճառը, որ Եվրամիության, Դուք նշեցիք [ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով ներկայիս բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա] Մոգերինին, բայց ոչ միայն Մոգերինին, շատերն են ասում, որ սա օրինակելի կարող է լինել, որովհետև Հայաստանը ԵԱՏՄ ակտիվ անդամ է և նաև ստորագրեց այսպիսի լուրջ շրջանակային փաստաթուղթ Եվրամիության հետ: Այդ իմաստով որոշ օրինակ կարող է ծառայել, և միգուցե, ինչու ոչ, գուցե մի օր պահը կգա և նաև կամուրջ կհանդիսանա որոշ գործընթացների, ինտեգրացիոն գործընթացների միջև»:

Հայաստանը շատ շահագրգռված է ունենալ այլընտրանքային ճանապարհներ

Անդրադառնալով Վրաստանի վարչապետի հայտարարությանը, թե ֆորս-մաժորային իրավիճակներում, երբ փակվում է Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը, որն անցնում է Վերին Լարսով, Հայաստանը կարող է օգտվել Հարավային Օսիայի և Աբխազիայի տրանսպորտային միջանցքներից, Նալբանդյանն ընդգծել է՝ Հայաստանը, ինչպես և որևէ այլ երկիր, շատ շահագրգռված է ունենալ այլընտրանքային ճանապարհներ:

«Սա գործընթաց է, ու ես կնախընտրեի առաջ չընկնել և հայտարարություններ չանել: Տեսնենք՝ ինչպես կզարգանա, և ըստ արդյունքների արդեն կդատենք: Ինչ վերաբերում է Վրաստանի վարչապետ պարոն Կվիրիկաշվիլիի հայտարարությանը, ապա մենք խորը հարգանքով ենք վերաբերվում Վրաստանի վարչապետի հայտարարություններին», - հարցազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարարը: