Լիբանանի նախագահը փաստացի ագրեսիա է որակում Սաուդյան Արաբիայի գործողությունները

Լիբանանի նախագահ Միշել Աուն, արխիվ

Սաուդյան Արաբիայի գործողությունները փաստացի ագրեսիա են Լիբանանի հանդեպ, երեկ Բեյրութում կայացած խորհրդակցության ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ Լիբանանի նախագահ Միշել Աունը:

Նրա խոսքով՝ վարչապետ Սաադ Հարիրին հրաժարականի դիմումը գրել է պաշտոնական Էր-Ռիյադի ճնշման ներքո:

«Մեր վարչապետին պահում են Սաուդյան Արաբիայի թագավորության տարածքում: Նրա հետ կապ հաստատելու հնարավորությունները սահմանափակ են, և Սաադ Հարիրին ի վիճակի չէ մեզ փոխանցել այն ամենն, ինչ իրականում մտածում է: Սա ագրեսիայի ակտ է Լիբանանի հանդեպ, քանի որ երկրի վարչապետը Վիեննայի կոնվենցիայի դրույթների համաձայն անձեռնմխելիության իրավունքով է օժտված: Տեղի ունեցածը ոչ թե կառավարության հրաժարական էր, այլ մեր անկախության դեմ իրականացված գրոհ», - հայտարարում էր Լիբանանի նախագահը:

Սաադ Հարիրին հրաժարականի դիմումը ներկայացրեց նոյեմբերի 4-ին` Սաուդյան Արաբիա կատարած աշխատանքային այցի ընթացքում: Նա այդ քայլը պատճառաբանում էր իր կյանքին Լիբանանում սպառնացող վտանգով և Իրանի՝ տարածաշրջանում որդեգրած ապակառուցողական գործողություններով:

Լիբանանի քաղաքական դաշտի ներկայացուցիչները, այդ թվում՝ Սաադ Հարիրիի կողմնակիցների մի մասը, սակայն, վստահ են, որ նա հրաժարական է ներկայացրել Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի ճնշման ներքո:

Լիբանանի նախագահը հայտարարում է, որ Հարիրիի հրաժարականը կընդունի միայն նրա` Բեյրութ վերադարձից հետո:

«Մենք չենք կարող ընդունել Հարիրիի հրաժարականը, քանի դեռ նա արտերկրում է: Արդեն 12 օր է ինչ ստեղծվել է այս կացությունը, և մենք ստիպված ենք քայլեր ձեռնարկել՝ վարչապետին [Սաուդյան Արաբիայից] դուրս բերելու համար: Արաբական պետությունները փորձեցին քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ, սակայն՝ անարդյունք: Այդ պատճառով մենք այժմ դիմում ենք միջազգային համաձայնագրերով ընձեռված հնարավորություններին», - հայտարարում էր Լիբանանի նախագահը` պնդելով, թե Սաուդյան Արաբիայում պատանդի կարգավիճակում են պահվում նաև Սաադ Հարիրիի հարազատներից մի քանիսը:

«Նրա ընտանիքը ևս հսկողության տակ է, ամեն անգամ տուն մուտք գործելիս և տնից դուրս գալիս նրան խուզարկում են», - հայտարարում էր Աունը:

Ինքը` Սաադ Հարիրին կտրականապես հերքում է Սաուդյան Արաբիայում տնային կալանքի տակ գտնվելու մասին պնդումները: «Աստված տա, ես շուտով կվերադառնամ Լիբանան», - գրել է Հարիրին Թվիթերի իր միկրոբլոգում:

«Ռոյթերզ»-ի թղթակցի հետ զրույցում դիվանագիտական աղբյուրները չեն բացառել, որ այսօր արդեն Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը Էր-Ռիյադում կարող է հանդիպել Սաադ Հարիրիի հետ: