«Եթե հացադուլով այդ խնդիրը լուծվեր, ես էլ հացադուլ կանեի». Արամ Սարգսյան

«Այն, ինչ, որ ուսանողություն անում է, համարում եմ ճիշտ», - այսօր Ազգային ժողովի շենքի դիմաց ասաց «Ելք» խմբակցության անդամ, նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ով դուրս էր եկել դասադուլ անող ուսանողների հետ հանդիպման։

«Ես հակված չեմ քննադատելու այն մարդկանց, ովքեր սեփական առողջությունը վտանգի տակ դնելով քայլերի են գնում։ Որպես մարդ, իհարկե կոչ կանեի հացադուլից դուրս գալու, որովհետև համարում եմ, որ եթե հացադուլով այդ խնդիրը լուծվեր, ես էլ հացադուլ կանեի, բայց հանրապետական մեծամասնությունը տենց բաների չի նայում, խնդիրներն այլ հարթության վրա է դրել, էդ հարթության մեջ է փորձում խնդիրներ լուծել՝ մի կողմ ընկած, ինչքան էլ առաջարկվում են մոտեցումներ, ինչքան էլ ասվում է, որ այն տարբերակը, որով դուք փորձում եք խնդիրներ լուծել, իրավիճակային է, և ընդհանուր առմամբ ոչինչ չի փոխելու», - ասաց Սարգսյանը։

Ընդդիմադիր պատգամավորը, սակայն, ընդգծեց՝ ուսանողությունը, երիտասարդությունը անկանխատեսելի է։ «Ես չգիտեմ իրենք վաղն ինչ քայլ կանեն, բայց ես չեմ բացառում, որ այնպիսի քայլ անեն, որ նույն Հանրապետականը սթափվի և ստիպված լինի նահանջելու», - ասաց Արամ Սարգսյանը։

Նշենք, որ գրեթե մեկ շաբաթ է ուսանողները դասադուլ են անցկացնում՝ բողոքելով տարկետման իրավունքի սահմանափակման դեմ։ Նրանք պնդում են, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»՝ առաջին ընթերցմամբ արդեն ընդունված օրենքի նախագիծը կարող է խոչընդոտել գիտության զարգացմանը։ Այսօր ցուցարարներից հինգն անժամկետ հացադուլ հայտարարեցին։

Համաձայն առաջարկվող օրինագծի, տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ: