Մատչելիության հղումներ

Դասադուլավորներին միացան Կոնսերվատորիայից մոտ երեք տասնյակ ուսանողներ


Երևանի պետական համալսարանի առջև շարունակվում է տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքող ուսանողների դասադուլը։ Դասադուլավորներին միացան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից մոտ երեք տասնյակ ուսանողներ։

«Որոշեցինք միանալ պայքարին, քանի որ չէինք կարող անտարբեր մնալ ոչ միայն տարկետման հարցի վերաբերյալ, այլև բոլոր բուհերն ու երիտասարդությունը պետք է ակտիվ լինեն և իրենց իրավունքները կարողանան պաշտպանել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կոնսերվատորիայի ուսանողներից մեկը։

Հարցին, թե իրենց մասնավորապես համոզիչ չե՞ն թվում իշխանությունների այն փաստարկները, որ սա բանակից խուսափելու ճանապարհ էր դարձել, ոչ թե գիտությամբ զբաղվելու, «Ազատության» զրուցակիցը պատասխանեց. - «Այդ փաստարկները ինչ-որ հիմք ունեն, բայց դրանց լուծման համար այլ ճանապարհ պետք է գտնվի, այսինքն՝ կոռուպցիայի խնդիրները պետք է բարձրաձայնեն, լուծեն կոռուպցիան ամբողջ երկրում, նոր անցնեն տարկետման չեղարկմանը և այլ հարցերին։ Եթե ամբողջ երկիր թաթախված է կոռուպցիայի մեջ, չի կարող այս օրենքը օգտակար լինել այդ հարցում»։

Կոնսերվատորիայի մեկ այլ ուսանող էլ շարունակեց. - «Այստեղ համար մեկ խնդիրն այն է, որ կոնսոլիդացվենք, ցույց տանք ցանկացած օրենք, որոշում ընդունողներին, որ կա հակազդեցություն, որ ցանկացած կետ ստանալու է իր պատասխան հակազդեցությունը»։

Նշենք, որ գրեթե մեկ շաբաթ է ուսանողները դասադուլ են անցկացնում՝ բողոքելով տարկետման իրավունքի սահմանափակման դեմ։ Նրանք պնդում են, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»՝ առաջին ընթերցմամբ արդեն ընդունված օրենքի նախագիծը կարող է խոչընդոտել գիտության զարգացմանը։

Համաձայն առաջարկվող օրինագծի, տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG