Մանաֆորտի ու Գեյթսի սկանդալին հաջորդեց նորը՝ ցուցմունքներ է տվել Թրամփի նախկին խորհրդականը

Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ջորջ Պապադոպուլոս, արխիվ

Ամերիկյան վերջին ընտրությունների վրա ռուսների հնարավոր ազդեցության գործը երեկ նոր՝ շրջադարձային փուլ մտավ: Ամիսներ տևած լռությունից ու գաղտնի հարցաքննություններից հետո հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը պաշտոնապես մեղադրանք առաջադրեց նախագահ Թրափի նախընտրական արշավի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտին և նրա բիզնես գործընկեր Ռիչարդ Գեյթսին:

Ընդ որում, մեղադրանքները բավական ծանր են ու ընդգրկուն: Դրանք ներառում են 12 դրվագ՝ ԱՄՆ-ի դեմ դավադրությունից մինչև փողերի լվացում: Իրական անակնկալը Թրամփի վարչակազմին, սակայն, մատուցվեց ավելի ուշ: Վերջիններիս մեղադրանքներ առաջադրելուց մի քանի ժամ անց դատախազությունը հաղորդեց, որ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին աշխատակից, նրա նախկին խորհրդական Ջորջ Պապադոպուլոսն ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել՝ ընդունելով, որ ժամանակին ստել է ռուսների հետ ունեցած շփումների մասին խոսելիս:

Աղմկահարույց այս բացահայտումներից հետո Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը պնդեց՝ Պապադոպուլոսը Թրամփի նախընտրական շտաբում աշխատել է կամավորության սկզբունքով, որոշիչ դեր չի ունեցել և ինքն է պատասխանատվություն կրել իր քայլերի համար, նրա հնարավորություններն էլ խիստ սահմանափակ էին՝ որոշումներ կայացնելոււ հարցում: «Դա կամավորական մի պաշտոն էր, կրկին ուզում եմ ընդգծել, որ պաշտոնական մակարդակով ռուսների հետ շփումներ հաստատելու ուղղությամբ նախընըտրական շտաբում երբևէ որևէ քայլ չի կատարվել»,- նաև ասել է Սանդերսը:

Ժամեր առաջ էլ Պապադոպուլոսի ձերբակալությանն արձագանքեց նախագահ Թրամփը՝ «Թվիթերում» գրելով, թե «այդ երիտասարդ, ցածր պաշտոն զբաղեցնող Ջորջ անունով կամավորին քչերն են ճանաչել»:

Ամերիկյան մամուլը, մինչդեռ, արձանագրում է, որ նախագահական ընտրություններից առաջ նախագահ Թրամփը բոլորովին այլ կերպ էր խոսում իր՝ արդեն ձերբակալված խորհրդականի մասին: Անցած տարի գարնանըThe Washington Post -ի հետ զրույցում նախագահության թեկնածու Դոնալդ Թրամփը, մասնավորապես, հայտարարել էր․ «Պապադոպուլոսը հիանալի տղա է, իմ հինգ խորհրդականներից մեկը, որը շտաբում զբաղվելու է էներգետիկայի ու նավթի հարցերով»:

Ինքը ՝ Պապադոպուլոսը խոստովանել է, որ նախընտրական շտաբում տևական ժամանակ փորձել է կազմակերպել Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այդ գործում Պապադոպուլոսին օգնել է Լոնդոնում ապրող մի պրոֆեսոր, որն իբր սերտ կապեր է ունեցել ռուսական իշխող էլիտայի հետ: Հենց նա էլ, ըստ քննության, Թրամփի խորհրդականին ծանոթացրել է մի ռուս կնոջ հետ, ով ներկայացել է որպես Պուտինի հարազատ և պնդել, որ Կրեմլում ծանրակշիռ նյութեր ու հարյուրավոր էլեկտրոնային նամակներ ունեն՝ Թրամփի մրցակից Հիլարի Քլինթոնին վարկաբեկելու համար:

Հետաքննությունների դաշնային բյուրոն առայմ չի հաղորդում ՝ արդյո՞ք այդ նյութերն ի վերջո փոխանցվել են Թրամփի շտաբին, թե ոչ: Դատախազությունն ընդամենն ակնարկում է, թե սա սառցաբեկորի միայն վերին շերտն է՝ Պապադոպուլոսը դեռ ամիսներ առաջ է գաղտնի ձերբակալվել և այժմ խոստանում է համագործակցել քննության հետ՝ առաջիկայում նոր տեղեկություններ հաղորդելով: Արձագանքելով այս վերջին զարգացումներին՝ ամերիկյան մամուլը փաստում է՝ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը ցույց տվեց, որ հաստատակամ է ու պատրաստ՝ մեղադրանք առաջադրել նախագահ Թրամփի հետ կապ ունեցող ցանկացած պաշտոնյայի: «Սպիտակ տունն այսքանից հետո դեռ չի՞ վախենում»,- հարց է հնչեցրել The New York Times-ը, վարչակազմից հակադարձել են՝ մեղավորներին պետք է դեմոկրատական ճամբարում փնտրել:

«Այս մեղադրանքները որևէ կապ չունեն նախագահի, նրա նախընտրական արշավի հետ: Իրական դավադրությունն ու դրա հետ կապված սկանդալը, ինչպես հայտարարել ենք արդեն մի քանի անգամ, կապված են դեմոկրատական ճամբարի նախագահության թեկնածու Հիլարի Քլինթոնի ու նրա շտաբի կողմից վարձված ընկերության հետ: Հստակ վկայություններ կան, որ Քլինթոնի շտաբի կողմից վարձված ընկերությունը փորձել է հանցավոր գործարքի գնալ ռուսական հատուկ ծառայությունների հետ և վարկաբեկիչ տեղեկություններ տարածել նախագահ Թրամփի վերաբերյալ»,- փոխանցել են նախագահի վարչակազմից:

Պաշտոնական Մոսկվան ևս շարունակում է պնդել, որ այլ երկրների ներքաղաքական զարգացումներին չի միջամտում: «Այդ պնդումները մտացածին են»,- այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Առանց որևէ ապացույց ներկայացնելու մեզ մեղադրում են, թե միջամտել ենք ընտրություններին ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլև եվրոպական պետություններում: Վերջերս էլ հայտարարեցին, թե Մոսկվայում են որոշում՝ ինչ նախարար է պետք նշանակել Հարավաֆրիկյան հանրապետությունում, մի խոսքով՝ երևակայությունը սահմաններ չունի»,- ասել է Լավրովը:

Նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ պնդել է, որ Կրեմլն այս հարցում եղել ու շարունակում է մնալ որպես դիտորդ: «Ցանկացած մեղադրանք, որն առաջադրվում է Ամերիկայի քաղաքացիներին՝ այդ երկրի ներսում ընթացող քննության շրջանակներում, մեզ չի վերաբերվում: Դա Նահանգների ներքին գործն է, որին մենք հետաքրքրությամբ ենք հետևում»,- ասել է Պեսկովը:

ԱՄՆ նախագահ Թրամփի ընդդիմախոսներին, սակայն, այս հավաստիացումները չեն համոզում: Կոնգրեսում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսիի խոսքով, հատուկ դատախազ Մյուլերի բացահայտումներն ավելի աղմկահարույց են, քան վոթերգեյթյան սկանդալը, որի պատճառով տասնամյակներ առաջ Նախագահ Ռիչարդ Նիքսոնը ստիպված եղավ հրաժարական տալ: Թրամփի կուսակից, հանրապետական ճամբարում նրա ընդդիմախոս սենատոր Սթիվ Կոենն էլ «Թվիթերում» գրել է․ «Այս ամենը կապված է Թրամփ աշտարակում ռուս գործակալների հետ տեղի ունեցած հանդիպման հետ, և սա միայն սկիզբն է: Ոչ մեկին չենք ներելու»: