Մատչելիության հղումներ

Պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել Փոլ Մանաֆորտին ու Ռիկ Գեյթսին


Ռիկ Գեյթս (ձ) և Փոլ Մանաֆորտ

Միացյալ Նահանգների իշխանություններն այսօր պաշտոնապես մեղադրանք առաջադրեցին նախագահ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտին ու նրա բիզնես գործընկեր Ռիկ Գեյթսին:

Հետաքննությունների դաշնային բյուրոյի հաղորդմամբ, ազդեցիկ այս երկու գործիչները մեղադրվում են 12 դրվագներով ՝ Միացյալ Նահանգների դեմ դավադրությունից մինչև փողերի լվացում ու սուտ մատնություն:

Մեղադրական եզրակացության համաձայն, Մանաֆորտն ու նրա գործընկերը տարիներ առաջ տասնյակ միլիոնավոր դոլարներ են ստացել Ուկրաինայում՝ ռուսների աջակցությունը վայելող «Ռեգիոնների կուսակցության» առաջնորդ Վիկտոր Յանուկովիչի հետ համագործակցության արդյունքում, լվացել են այդ միջոցները օֆշորային գոտիներում, խուսափել հարկային պարտավորություններից ու լոբբիստական գործունեություն ծավալել՝ առանց այդ մասին ամերիկյան իշխանություններին տեղյակ պահելու:

Հաղորդվում է, մասնավորապես, որ մեղադրյալները օֆշորային հաշիվներով շրջանառել են ավելի քան 75 միլիոն դոլար, ընդ որում, ապօրինի այս միջոցներով, ըստ մեղադրականի, Մանաֆորտը ոչ միայն անշարժ գույք ու պճնանքի առարկաներ է գնել, այլև Յանուկովիչի քարոզչությունը տարել Նահանգներում՝ ջանալով ապացուցել, որ նա արդար է հաղթել ուկրաինական ընտրություններում:

Մեղադրականի հրապարակումից ժամեր առաջ Մանաֆորտն ու նրա բիզնես գործընկերը անձամբ ներկայացան Հետաքննությունների դաշնային բյուրո՝ հանձնվելով իրավապահ մարմիններին: Ակնկալվում է, որ առաջիկա ժամերին արդեն դատարանը կքննի նրանց խափանման միջոցի հարցը:

Սրանք առաջին մեղադրանքներն են, որ ներկայացվում են ամերիկյան վերջին նախագահական ընտրություններում ռուսների հնարավոր միջամտությունն ուսումասիրող գործով հատուկ դատախազ Ռոբեր Մյուլերի կողմից: 31 էջանոց մեղադրականում, սակայն, որևէ բառ չկա Թրամփի նախընտրական շտաբում Մանաֆորտի ու նրա գործընկերոջ աշխատանքի մասին, ինչին Սպիտակ տան ղեկավարը շտապել է արձանագրել:

«Ոչ մի դավադրություն էլ չկա», - քիչ առաջ Թվիթերում գրել է նախագահ Թրամփը՝ պնդելով, թե այդ ամենը եղել է վաղուց՝ իր նախընտրական արշավից առաջ:

68-ամյա Մանաֆորտը Թրամփի նախընտրական շտաբը գլխավորել է մոտ երեք ամիս և ստիպված էր հրաժարական տալ ընտրություններից առաջ, երբ ամերիկյան մամուլում հրապարակումներ եղան Ուկրաինայի ռուսամետ «Ռեգիոնների կուսակցության» հետ նրա կապերի վերաբերյալ:

Ամիսներ առաջ էլ ամերիկյան լրատվամիջոցները, հղում անելով քննությանը մոտ կանգնած աղբյուրներին, պնդեցին, թե ժամանակին Մանաֆորտը պատրաստ է եղել ռուս միլիարդատեր, Կրեմլի հետ սերտ հարաբերություններով հայտնի Օլեգ Դերիպասկային տեղեկություններ հաղորդել Թրամփի նախընտրական արշավի մասին:

«Եթե Դերիպասկային անհրաժեշտ են ոչ հրապարակային հանդիպումներ՝ տեղեկություններ ստանալու համար, մենք կարող ենք դա կազմակերպել», - ըստ The Washington Post-ի, գրել էր Մանաֆորտը գործընկերներից մեկին անցած տարվա հուլիսին, երբ Դոնալդ Թրամփը պաշտոնապես դարձավ Հանրապետական ճամբարի թեկնածուն Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում:

Մինչև օրս Մանաֆորտն ու նրա բիզնես գործընկերը կտրականապես հերքում էին ֆինանսական ապօրինությունների ու ռուսների հետ հնարավոր դավադրության մասին մեղադրանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG