Իրաքյան Քուրդիստանում առաջիկայում տեղի կունենան ընտրություններ

Իրաքի քրդերը տոնում են հանրաքվեով հռչակած անկախությունը, Էրբիլ, 25 սեպտեմբերի, 2017թ.

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, իրաքյան Քուրդիստանում այս տարվա նոյեմբերի 1-ին տեղի կունենան նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Ինքնավար երկրամասը սեպտեմբերի 25-ին հանրաքվեով անկախություն է հռչակել:

Պաշտոնական Բաղդադը, միջազգային համայնքը, այդ թվում՝ հարևան Իրանը և Թուրքիան, չեն ճանաչում հանրաքվեի արդյունքները:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր ասել է, որ Անկարան լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանի իրաքյան Քուրդիստանի նկատմամբ:

«Մենք արդեն որոշակի արգելքներ ենք իրականացնում, բայց եթե նրանք խելացի չգտնվեն, մենք էլ ավելի կոշտ քայլերի կդիմենք», - ասել է Էրդողանը՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ընթացքում:

Իրաքի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ են անցկացնում Քուրդիստանի տարածքի մոտակայքում: Իրաքի բանակը Քուրդիստանի մոտ գտնվող շրջանում համատեղ վարժանքներ է անցկացնում նաև Իրանի հեղափոխական գվարդիայի ստորաբաժանումների հետ:

Անկարան և Թեհրանը հայտարարել են, որ սատարում են Բաղդադին և քաղաքական ու տնտեսական եղանակներով հակազդելու են Իրաքի քրդերի անջատական գործողություններին: