Թրամփն ընդլայնում է ամերիկյան պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներն ընդլայնելու մասին նոր հրամանագիր է ստորագրել: Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել է Հարավային Կորեայի նախագահի և Ճապոնիայի վարչապետի հետ ճաշից առաջ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:

Թրամփի խոսքով՝ նոր պատժամիջոցները վերաբերում են տեքստիլ արդյունաբերությանը, ձկնորսությանը, տեղեկատվական տեխնոլոգիաներին և վերամշակող արդյունաբերությանը: Հրամանագիրը նաև իրավունք է տալիս ամերիկյան ֆինանսների նախարարությանը պատժամիջոցներ կիրառել Հյուսիսային Կորեայի հետ աշխատող ցանկացած բանկի նկատմամբ:

Չնայած նոր սահմանափակումներին՝ ԱՄՆ նախագահը չի բացառել նաև Փհենյանի հետ երկխոսության հաստատման հնարավորությանը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Չինաստանի կենտրոնական բանկը արգելել է իր բանկերին ֆինանսական ծառայություններ մատուցել հյուսիսկորեացի հաճախորդներին՝ կարգադրելով կասեցնել գործող վարկերը: Փաստաթուղթը բոլոր բանկերից պահանջում է ամբողջությամբ իրականացնել ՄԱԿ-ի պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի նկատմամբ, իսկ պահանջները չկատարող բանկերին նախազգուշացնում տնտեսական կորուստների և վարկանիշային վտանգների մասին:

ԱՄՆ-ի և Հյուսիսայի Կորեայի միջև լարվածությունը է՛լ ավելի է սրվել Փհենյանի կողմից վեցերորդ միջուկային փորձարկումից հետո, ինչը նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին է ստիպել լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Հյուսիսային Կորեայի նկատմամբ: