Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը սահմանեց նոր պատժամիջոցներ Հյուսիսային Կորեայի նկատմամբ


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր պատժամիջոցներ է սահմանել, Նյու Յորք, 11 սեպտեմբերի, 2017թ.

Փհենյանը նոր սպառնալիքներ է հնչեցնում ԱՄՆ-ի հասցեին:

«Զրկել Փհենյանին սխալ քայլերի հնարավորությունից»

Ի պատասխան սեպտեմբերի 3-ին Հյուսիսային Կորեայում ջրածնային ռումբի փորձարկման, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ երեկոյան այդ երկրի նկատմամբ սահմանել է նոր պատժամիջոցներ:

2006 թվականից ի վեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրթիռային և միջուկային փորձարկումների համար արդեն 9-րդ անգամ է պատժամիջոցներ սահմանում Հյուսիսային Կորեայի նկատմամբ:

Երեկ ուշ երեկոյան նիստում առարկություն չի հնչել: Քվեարկության արդյունքը հրապարակել է ԱՄԿ-ի Անվտանգության խորհրդում հերթագայությամբ նախագահող Եթովպիայի դեսպան Տեկեդա Ալեմուն:

«Թիվ 2375 բանաձևի նախագծի օգտին տրվել է 15 ձայն, բանաձևը միաձայն է ընդունվել»,- ասել է նախագահողը:

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Նիքի Հեյլին ասել է, որ միջազգային համայնքն այլևս մտադիր չէ Փհենյանի ռեժիմին հորդորել՝ դիմել ճիշտ քայլերի․ - «Հիմա խնդիրն է նրանց զրկել սխալ քայլերի հնարավորությունից»:

Չինաստանը և Ռուսաստանը չեն օգտագործել վետոյի իրավունքը

Նիքի Հեյլին նաև գովեստով է խոսել Հյուսիսային Կորեայի հարցում Պեկինի և Վաշինգթոնի փոխըմբռնման մասին:

«Այս բանաձևը չէր ընդունվի, եթե չլիներ նախագահներ Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի գործընկերությունը»,- ասել է դեսպանը:

ՄԱԿ-ում Չինաստանի դեսպան Լյու Ջիևին ընդգծել է, որ Հյուսիսային Կորեան պարտավոր է հաշվի առնել միջազգային համայնքի դիրքորոշումն ու դադարեցնել միջուկային և հրթիռային փորձարկումները և վերադառնալ ապամիջուկայնացման բանակցություններին:

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան, իր հերթին, նշել է, որ «մեծ սխալ կլինի, եթե անտեսվի խնդրի կարգավորման ռուս-չինական նախաձեռնությունը, որը հիմա էլ Անվտանգության խորհրդի սեղանին է և որը Մոսկվան կշարունակի առաջ տանել»:

Փհենյանը կզրկվի արտահանման եկամտի 90 տոկոսից

Նոր պատժամիջոցներն այնքան ծանր չեն, որքան ենթադրվել է ԱՄՆ-ի կազմած բանաձևի նախնական տարբերակով, սակայն միևնույն է լուրջ հարված կհասցնեն Փհենյանի տնտեսությանը, քանի որ արգելում են հյուսիսկորեական մանածագործվածքի արտահանումը և հում նավթի վաճառքն այդ երկրին:

Նիքի Հեյլիի փոխանցմամբ, այս նոր որոշումների արդյունքում Հյուսիսային Կորեան իր արտահանումից ակնկալած շահույթից տարեկան կկորցնի առնվազն 800 միլիոն դոլար: Երեկվա և ավելի վաղ սահմանված պատժամիջոցների գումարային ազդեցությունն ահռելի է՝ Փհենյանը զրկվում է արտահանման եկամտի 90 տոկոսից:

«Ամերիկան շուտով կտեսնի այնպիսի ցավ, որ երբեք չի ապրել»

Փհենյանն այսօր արդեն արձագանքել է՝ հայտարարելով, թե պատժամիջոցներն «ապօրինի» է համարում և չի ընդունում: Այդ մասին Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում հայտնել է Հյուսիսային Կորեայի դեսպան Հան Տե Սոնգը:

«Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետությունը պատրաստ է կիրառել ամենածայրահեղ միջոցները: Ամերիկան շուտով կտեսնի այնպիսի ցավ, որ երբեք չի ապրել»,- սպառնացել է դեսպանը:

Միացյալ Նահանգները բանաձևի հարցում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունք ունեցող հինգ մշտական անդամներից երկուսի՝ Չինաստանի և Ռուսաստանի հավանությունը ստանալու համար, էապես մեղմել է բանաձևի նախագիծը:

«Հյուսիսային Կորեան դեռ կարող է փրկել իր ապագան»

Հեյլիի ներկայացրած բանաձևից դուրս են մնացել նավթամթերքի ամբողջական էմբարգո սահմանելու և Կիմ Չեն Ունի ու Փհենյանի մնացած բարձրաստիճան ղեկավարների բանկային հաշվեհամարները սառեցնելու առաջարկները և ավելացվել է «Կորեական թերակղզու առճակատումը խաղաղ, դիվանագիտական և քաղաքական եղանակով կարգավորելու» դրույթը:

«Մեզ հաճույք չի պատճառում պատժամիջոցները խստացնելու որոշումը: Մենք պատերազմի չենք ձգտում: Հյուսիսային Կորեայի ռեժիմը դեռ չի հատել սահմանը, որից հետո վերադարձ չի լինի, Հյուսիսային Կորեան դեռ կարող է փրկել իր ապագան, պայմանով, որ պատրաստ է խաղաղություն հաստատել աշխարհի հետ, այդ դեպքում աշխարհն էլ խաղաղ կլինի Հյուսիսային Կորեայի հետ»,- ասել է Հեյլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG