Էրդողանը Բեռլինին մեղադրում է ահաբեկիչներին աջակցելու մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ելույթ է ունենում կուսակիցների հետ հանդիպմանը, Ռիզե, 7-ը օգոստոսի, 2017թ․

Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե Գերմանիան աջակցում է ահաբեկիչներին և հետևողականորեն անտեսում նրանց արտահանձնելու` պաշտոնական Անկարայի դիմումները:

«Մենք կանցլեր Անգելա Մերկելին հազարավոր փաստաթղթեր ենք ուղարկել, բայց պատասխան չենք ստացել դրանցից որևէ մեկի վերաբերյալ», - հայտարարել է Ռեջեփ Էրդողանը կուսակիցների հետ հանդիպման ժամանակ: «Երբ մեր երկրում որևէ ահաբեկիչ է ձերբակալվում, նրանք պահանջում են մեզնից նրան արտահանձնել, սակայն, եթե դուք ինքներդ մեր կասկածյալներին չեք տալիս, ինչպե՞ս եք մեզ նման պահանջ ներկայացնում, ձեր երկրում կա արդարադատություն՝ Թուրքիայում չկա՞», - վրդովվել է Էրդողանը:

Reuters-ը փաստում է, որ Թուրքիայի նախագահի այս հայտարարությունը կարող է է՛լ ավելի սրել Բեռլինի և Անկարայի` առանց այդ էլ լարված հարաբերությունները: