Հասան Ռոհանին երկրորդ անգամ ստանձնեց ԻԻՀ նախագահի պաշտոնը

Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր Թեհրանում կայացած հանդիսավոր արարողությամբ երկրորդ անգամ՝ ևս չորս տարով ստանձնեց նախագահական լիազորությունները: Սա երկրի նախագահի պաշտոնը ստանձնելու արարողակարգի վերջին փուլն էր․ երկու օր առաջ Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջորդ Ալի Խամենեին պաշտոնապես հաստատել էր Հասան Ռոհանիի հաղթանակը նախագահական ընտրություններում:

Այսօր Իրանի խորհրդարանում կայացած երդմնակալության արարողության ժամանակ Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանը մտադիր է բարելավել հարաբերություններն աշխարհի հետ: Օգոստոսի 3-ին տեղի ունեցած միջոցառման ժամանակ էլ, անդրադառնալով 2015 թվականին Իրանի և վեց գերտերությունների ստորագրած պատմական համաձայնագրին, Ռոհանին նշել էր․ «Մենք երբեք չենք համաձայնի ապրել մեկուսացման պայմաններում: Միջուկային գործարքը Իրանի կողմից միջազգային ասպարեզում բարի կամքի դրսևորում էր»:

68-ամյա Ռոհանի երդմնակալության արարողությանը ներկա էին հյուրեր ավելի քան 100 երկրներից, ինչն աննախադեպ է Իրանի համար, որը զգալիորեն մեկուսացված էր 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո: Իրանի 7-րդ նախագահ Ռոհանիի երդմնակալությանը ներկա էր նաև Հայաստանի նախագահը, ով այդ միջոցառմանը մասնակցելու համար ընդհատել է իր կարճատև արձակուրդը: Նախագահ Սարգսյանի հետ Թեհրանում է նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Հայաստանից բացի Իրանի հարևան երկրների բարձրագույն պաշտոնյաներից ներկա էին միայն Աֆղանստանի և Իրաքի ղեկավարները:

Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ Իրանում երբևէ Հայաստանի հանդեպ նման հետաքրքրություն չի եղել, որքան հիմա: «Ակնհայտ է, որ հայ-իրանական հարաբերությունների քաղաքական բարձր մակարադակի կարևորագույն ցուցիչ է մեր նախագահի ներկայությունը Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը, ինչը նաև գնահատվում է իրանցիների կողմից: Ըստ էության, իրանական լրատվական դաշտն անցնող շաբաթվա ընթացքում հագեցած էր Հայաստանի վերաբերյալ տեղեկատվությամբ: Թե՛ նախագահի երկու հարցազրույցների զանազան մեկնաբանություններ կային, թե՛ այլ լրատվություն: Նման ներկայացվածություն մեր երկիրը իրանական ԶԼՄ-ների դաշտում այսպիսի կարճ ժամանակահատվածում երբեք չի ունեցել: Դա ցուցիչ է, որ իրանցիները հետաքրքրված են մեր երկրով»,- ասաց իրանագետը:

Իրան մեկնելուց շուրջ մեկ շաբաթ առաջ Հայաստանի նախագահը հարցազրույց էր տվել իրանական լրատվամիջոցներին ու նշել, որ փորձագիտական մակարդակում քննարկվում է իրանական գազը Հայաստանի տարածքով Եվրոպա տարանցելու հարցը: Իրանագետ Վարդան Ոսկանյանը հավանական է համարում, որ Թեհրանում տեղի կունենա Սարգսյան-Ռոհանի հանդիպում, բայց գազի տարանցման հարցով, ըստ փորձագետի՝ դժվար, թե հիմա պայմանավորվածության գան: «Կոնկրետ ծրագրերի ի հայտ գալու պարագայում ակնհայտ է, որ մեր երկիրը չի կարող չդիտարկել իր մասնակցությունը նման կարևորության ծրագրին: Բայց առայժմ գործնական փուլ մտնելու մասին խոսելը շատ վաղ է»,- շարունակեց Վարդան Ոսկանյանը:

Ռոհանիի երդմնակալության արարողությանն այսօր ներկա է գտնվել նաև Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերի պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին: Հայաստանի հարևան Ադրբեջանը ներկայացված էր խորդարանի ղեկավարի մակարդակով:

Իրանի օրենսդրության համաձայն, Ռոհանին երդմնակալությունից հետո երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանի հաստատմանը պետք է ներկայացնի կառավարության կազմը: Առաջին անգամ Հասան Ռոհանին Իրանի նախագահի պաշտոնում ընտրվել է 2013 թվականին: Այդ պաշտոնում նա վերընտրվել է այս տարվա մայիսի 19-ին կայացած ընտրություններում: Հավաքելով ձայների 57 տոկոսը, նա հաղթանակ տարավ պահպանողական թեկնածու Էբրահիմ Ռաիսիի նկատմամբ:

Իրանում նախագահությունը ընտրություններով որոշվող ամենաբարձր պաշտոնն է: Երկրի բարձրագույն իշխանությունը, սակայն, շարունակում է մնալ հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի ձեռքում: Հենց հոգևոր առաջնորդն է վերջին 30 տարիներին վերահսկում երկրի արտաքին քաղաքականությունը, զինված ուժերը, դատարանը, լրատվամիջոցները և մյուս առանցքային օղակները:

Your browser doesn’t support HTML5

Հասան Ռոհանին երկրորդ անգամ ստանձնեց ԻԻՀ նախագահի պաշտոնը