Մատչելիության հղումներ

Խամենեին հաստատել է Ռոհանիի հաղթանակը


Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջորդ Ալի Խամենեին այսօր պաշտոնապես հաստատել է Հասան Ռոհանիի հաղթանակը նախագահական ընտրություններում:

«Ես վավերացնում եմ Ձեր հաղթանակը և Ձեզ նշանակում եմ հանրապետության նախագահ», - ասել է Խամենեին Թեհրանում կայացած հանդիսավոր արարողության ընթացքում:

Արարողությանը մասնակցել են Իրանի բարձրաստիճան ղեկավարները և օտարերկրացի պաշտոնյաներ:

68-ամյա Ռոհանին այս տարվա մայիսին է երկրորդ անգամ հաղթել նախագահական ընտրություններում:

Ռոհանին այսօր հանդես է եկել միասնության կոչով: «Ես ձեռքս պարզում եմ բոլոր նրանց, ովքեր երազում են հայրենիքը մեծ երկիր դարձնելու մասին», - ասել է Իրանի նախագահը:

Նա նաև ընդգծել է, որ Թեհրանը մտադիր է բարելավել հարաբերություններն աշխարհի հետ: «Մենք երբեք չենք համաձայնի ապրել մեկուսացման պայմաններում: Միջուկային գործարքը Իրանի կողմից միջազգային ասպարեզում բարի կամքի դրսևորում էր», - ասել է Ռոհանին 2015 թվականին Իրանի և վեց գերտերությունների ստորագրած պատմական համաձայնության մասին:

Այդ պայմանագրով Իրանը համաձայնել է պատժամիջոցները մեղմելու դիմաց սահմանափակել ակտիվությունը միջուկային հետազոտությունների ոլորտում:

Ռոհանիի պաշտոնամուտի հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին: Հիշեցնենք, Հայաստանի նախագահը ևս մասնակցելու է արարողությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG