«Նովայա գազետա»-ի լրագրողի արտաքսման վճռի դեմ բողոքի ակցիա Մոսկվայում

Լրագրող Ալի Ֆերուզ, արխիվ, լուսանկարը՝ Վլադ Դոկշինի («Նովայա գազետա»)

Ակտիվիստները Մոսկվայում բողոքի ակցիա են կազմակերպել Ռուսաստանի նախագահի աշխատակազմի գրասենյակի դիմաց՝ բողոքելով դատարանի վճռի վերաբերյալ, ըստ որի՝ ազգությամբ ուզբեկ լրագրող Ալի Ֆերուզը պետք է արտաքսվի Ուզբեկստան։

Երեկ Ռուսաստանի նախագահին կից Քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների հարցերով խորհուրդը հայտարարել է, որ «Նովայա գազետա» թերթի լրագրողի արտաքսման որոշումը հակասահմանադրական է, նաև հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային։ Խորհուրդը վստահեցրել է, որ կանի հնարավորը այս խնդիրը կարգավորելու ուղղությամբ, քանի որ Ալի Ֆերուզը, ում իրական անունը Հուդոբերդի Նուրմատով է, Ռուսաստանում է ծնվել, և նրա ընտանիքի անդամները Ռուսաստանի քաղաքացիներ են։

Օգոստոսի 1-ին Մոսկվայի դատարանը վճիռ է կայացրել արտաքսել Ալի Ֆերուզին միգրացիոն կարգը խախտելու պատճառով։ Այս վճռի դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել թե՛ Ռուսաստանում և թե՛ արտասահմանում։