Վրաստանի պաշտպանության նախարարը դեմ է Ռուսաստանի հետ ուղղակի բանակցություններին

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիա, արխիվ

Վրաստանը չպետք է ուղղակի բանակցությունների մեջ մտնի Ռուսաստանի Դաշնության հետ: Այդ մասին այսօր Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան՝ մեկնաբանելով խորհրդարանի ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք» խմբակցության անդամների այցը Մոսկվա:

Իզորիայի խոսքով՝ նման այցերը արդյունավետ չեն, հատկապես մի իրավիճակում, երբ Ռուսաստանի կողմից ուղղակի ռազմական ագրեսիայի վտանգը վերացված չէ:

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վրաց պատգամավորները Պետդումայում ռուս գործընկերների հետ քննարկել են, մասնավորապես, վիզային ռեժիմի դյուրացման հարցերը։

Պաշտոնական Թբիլիսին ավելի վաղ չեղարկել է ռուսաստանցիների համար վիզային ռեժիմը, Մոսկվան, սակայն, դեռ պահպանում է այն Վրաստանի քաղաքացիների համար։