Գևորգ Կոստանյանն անթույլատրելի է համարում բռնությունը, հատկապես կալանվածների նկատմամբ

Գևորգ Կոստանյան, Երևան, 11-ը հուլիսի, 2017 թ․

Բռնությունը, առավել ևս երբ այն կիրառվում է անազատության մեջ գտնվող անձի նկատմամբ, բացարձակապես անթույլատրելի է: Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, պատասխանելով հարցին՝ ինչպես է վերաբերվում «Սասնա ծռեր» խմբի անդամներին դատարանի շենքում ծեծի ենթարկելու մասին հաղորդումներին:

Հիշեցնենք՝ հունիսի 28-ի դատական նիստի ժամանակ ոստիկաններից մեկը մեղադրյալներից Արեգ Կյուրեղյանին արգելել էր գրություն փոխանցել փաստաբանին: Դրան հետևել էր վիճաբանություն մեղադրյալների և ոստիկանների միջև: Ավելի ուշ Արեգ Կյուրեղյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի և Գագիկ Եղիազարյանի փաստաբանները հայտարարեցին, որ ոստիկանները դատարանի նկուղում ծեծի են ենթարկել իրենց պաշտպանյալներին:

«Բարոյական տեսակետից բռնությունը, առավել ևս երբ այն կիրառվում է անազատության մեջ գտնվող անձի նկատմամբ, բացարձակապես անթույլատրելի է: Մարդն արդեն իսկ անազատության մեջ է, գտնվում է զրկանքի մեջ իր կատարած արարքի համար: Այդ պայմաններում ֆիզիկական ուժի կիրառման համար պետք է լինի ծայահեղ անհրաժեշտ իրավիճակ: Բայց դա էդպես է եղել, թե ոչ, ես չեմ կարող գնահատական տալ»,- ասաց Կոստանյանը:

Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, ով նաև իշխող Հանրապետականի պատգամավոր է, շեշտում է՝ մինչև ուժի կիրառումը, ոստիկանն ունի այլ միջոցներ՝ իր պարտականությունների կատարումն ապահովելու համար, միայն այդ միջոցների անբավարարության պայմաններում ոստիկանը ֆիզկական ուժ կիրառելու իրավունք ունի: Հարուցված քրեական գործի շրջանակներում Հատուկ քննչական ծառայությունն այժմ պետք է հիմնավորի՝ արդյո՞ք դատարանի շենքում մեղադրյալների նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառումը եղել է անհրաժեշտ և համաչափ:

«Նախաքննության մարմինը, հետևաբար նաև դատախազը պետք է պարզեն հետևյալը: Առաջին՝ արդյո՞ք ֆիզիկական ուժ կիրառելը այնչափ անհրաժեշտ էր, որ այլ միջոցներով ոստիկանը չէր կարող իր պարտականությունները կատարել: Երկորդ՝ պետք է հիմնավորվի՝ արդյո՞ք ֆիզիկական ուժի կիրառումը եղել է համաչափ, այդ թվում՝ համաչափ տվյալ անձի գործողություններին և համաչափ՝ ոստիկանի գործողությունների տեսակետից: Այսինքն՝ ՀՔԾ- ն պետք է այս բոլոր հարցերի պատասխանները տա»,- մանրամասնեց նախկին գլխավոր դատախազը:

Նկատենք՝ Հատուկ քննչական ծառայությունն առայսօր հրաժարվում է պատասխանել հետևյալ հարցին՝ հարուցված քրեական գործի շրջանակներում կա՞ն կասկածյալներ, թե ոչ: Անհասկանալի է, թե ինչու է ՀՔԾ-ն լռում անգամ տուժող ճանաչվածների մասին: «Սասնա ծռերից» Միխիթար Ավետիսյանի փաստաբան Իննեսա Պետրոսյանը և Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանն «Ազատությանը» փոխանցեցին, որ իրենց պաշտպանյալներն արդեն տուժող են ճանաչվել: Բռնության ենթարկված մյուս երկու մեղադրյալների մասով դեռևս տեղեկություն չկա :

Հանրային մեծ հնչեղություն ստացած այդ միջադեպից հետո՝ հուլիսի 3-ին Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ հարուցվեց Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնության գործադրմամբ: Առ այսօր, սակայն, այդ գործով անցնող որևէ կասկածյալի կամ մեղադրյալի անուն չի հրապարակվել:

Հուլիսի 3-ին գլխավոր դատախազությունում ունեցած իր ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով իրավապահ համակարգի «իրավապաշտպան գործունեության» անհրաժեշտության մասին, դատախազությանը հորդորել էր անձի շահերի պաշտպանությունը բարձրացնել նոր մակարդակի:

Հարցին, թե ինչու երկրի ղեկավարի մատնանշած իրավապաշտպան գործունեությունը կոնկրետ այս դեպքով չի իրականացվում, և դատարանի շենքում «Սասնա ծռերին» բռնության ենթարկելու հետ կապված առայսօր որևէ կասկածյալ չկա, նախկին գլխավոր դատախազը պատասխանեց՝ գործի մանրամասներին չի տիրապետում: Գևորգ Կոստանյանը, սակայն, շեշտեց՝ վստահաբար այս բոլոր գործերը գնալու են Եվրոպական դատարան, և եթե պատշաճ քննություն չիրականացվի, ապա շատ շուտով այս գործերով կունենանք վճիռներ:

«Եթե նախկինում մենք կարող էինք ակնկալել Եվրոպական դատարանի վճիռ վեց, յոթ, ութ տարի հետո, հիմա մենք Եվրոպական դատարանի վճիռ կարող ենք ակնկալել մեկ տարի հետո: Այս գործերով՝ տարիուկես հետո: Եվ մենք հնարավորություն կունենանք տեսնելու նաև միջազգային դատարանի դիրքորոշումը: Բոլոր դեպքերում և՛ քննիչը, և՛ դատախազը, և՛ ոստիկանը, և՛ դատարանը արդեն ենթակա են լինելու պատասխանատվության․ կարգապահական, իսկ առավել ծանր արարքներ կատարելու դեպքում նաև քրեական»,- պարզաբանեց Գևորգ Կոստանյանը:

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչին նաև անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչ Ժիրայր Սեֆիլյանին առնչվող մի հարց ուղղեցինք՝ ինչպե՞ս կարող է Սեֆիլյանը մեղադրվել 200 հոգանոց զինված խմբեր ստեղծելու մեջ այն պարագայում, երբ այդ խմբերը հայտնաբերված չեն: Նախկին գլխավոր դատախազն այս հարցի պատասխանը չունի․ «Գործն արդեն դատարանում է, և այժմ բոլորս կտեսնենք՝ արդյո՞ք բավարար ապացույցներ կային նման մեղադրանքի համար»: