Իրանի նավթարդյունաբերության նախարարությունը հաղորդել է, որ մտադիր է «Տոտալ» ֆրանսիական ընկերության հետ կնքել 4 միլիարդ 800 միլիոն դոլարի պայմանագիր Հարավային Փարս շրջանում բնական գազի արդյունահանման ծրագիր իրականացնելու մասին:
Դա կլինի Արևմուտքի և Իրանի միջև առաջին խոշոր տնտեսական գործարքը Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները միջուկային համաձայնության շնորհիվ 2016 թվականին թուլացնելուց հետո:
Գործարքին կմասնակցի նաև Չինաստանի նավթարդյունաբերության պետական ընկերությունը:
«Տոտալ»-ի մասնաբաժինը ծրագրում կկազմի 50․1 տոկոս, չինական ընկերությունը կստանա 19․9 տոկոս, մնացած 30 տոկոսը պատկանելու է «Պետրոպարս» իրանական ընկերությանը:
Նախնական հաշվարկով՝ 20 տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրի առաջին փուլում «Տոտալ»-ը մտադիր է ներդնել 1 միլիարդ դոլար: