Զինծառայող Ռոլանդ Սահակյանի բուժման համար կառավարությունը նոր միջոցներ հատկացրեց

Ռոլանդ Սահակյանը երևանյան հիվանդանոցում՝ մինչ Ռուսաստան մեկնելը, սեպտեմբեր, 2016թ․

Առաջնագծում ծառայողական պարտականությունները կատարելիս՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ ականապայթյունային և բազմաբեկորային վնասվածք ստացած զինծառայող Ռոլանդ Սահակյանի բուժումը Ռուսաստանում իրականացնելու նպատակով Հայաստանի կառավարությունը պաշտպանության նախարարությանը կհատկացնի 3 միլիոն 495 հազար դրամ:

Ընթացիկ տարվա մայիսին կառավարությունը Ռոլանդ Սահակյանի բուժումը Ռուսաստանում իրականացնելու համար հատկացրել էր 4 միլիոն 138 հազար դրամ: Ռուսաստանի համապատասխան բժշկական վերականգնողական կենտրոնի ներկայացրած փաստաթղթերի համաձայն՝ զինծառայողի բուժման և վերականգնման վերջնական ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ է լրացուցիչ 413 հազար 700 ռուսական ռուբլի, որի հիման վրա էլ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվում են նոր միջոցներ: