Թուրքիայում մահապատժի վերականգնման հանրաքվեի քվեարկությունը Գերմանիայում կարգելվի․ Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ

Գերմանիայում բնակվող Թուրքիայի քաղաքացիներին թույլ չեն տա մասնակցել հայրենիքում մահապատիժը վերականգնելու հարցով հանրաքվեին: Այդ մասին այսօր հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Տվյալ հարցով քվեարկություն անցկացնելու թույլտվություն չի տրվի նաև Գերմանիայում թուրքական դեսպանատանն ու հյուպատոսարաններին: Մերկելն ընդգծել է, որ Գերմանիան կտրականապես անընդունելի է համարում մահապատիժը:

Մահապատիժը վերականգնելու հարցով հանրաքվե անցկացնելու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է ապրիլին՝ սահմանադրական հանրաքվեից հետո: Եվրամիության երկրներում մահապատիժը արգելված է. Թուրքիան պատժի այդ ձևը չեղարկել է դեռևս 2004 թվականին: Բրյուսելը հայտարարում է, որ այդ օրենքի վերականգնումը կփակի Թուրքիայի առջև Եվրամիությանն անդամակցելու դռները: