Մատչելիության հղումներ

Թուրքիայում մահապատժի վերականգնումը կնշանակի հրաժարվել ԵՄ-ին անդամակցելու բանակցություններից. Յունկեր


Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկեր, արխիվ
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկեր, արխիվ

Թուրքիայում մահապատժի վերականգնումը կնշանակի Եվրամիության անդամակցության շուրջ բանակցային գործընթացից հրաժարվել, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը գերմանական «Ռեյնիշե Փոստ» պարբերականի հետ զրույցում։

«Եթե մահապատժի վերականգնման շուրջ խոսակցությունները լինեն ավելին, քան պարզապես հռետորաբանություն, ապա դա Թուրքիայի համար կլինի եվրոպական ընտանիքից երես թեքել, քանի որ մեր հասարակության հիմքում ժողովրդավարության նկատմամբ հարգանքն է, մարդու իրավունքներն ու միջազգային իրավունքները։ Այս սկզբունքները բացառում են մահապատիժը», - հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Յունկերը նաև ասել է, որ չնայած Բրյուսելի և Անկարայի միջև ներկայիս տարաձայնություններին՝ ակնկալում է ապագայում Թուրքիայի հետ սերտ համագործակցություն։

Նրա խոսքով՝ Թուրքիայի ճակատագիրը սերտորեն կապված է Եվրոպական միության հետ։ «Կցանկանայի, որ այդպես լիներ նաև ապագայում», - ասել է եվրոպացի պաշտոնյան։

Պաշտոնական Անկարան մահապատժի վերականգնման մասին ավելի վճռական սկսեց խոսել ապրիլի 16-ին՝ սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեից հետո։

Ի դեպ, Թուրքիայում մահապատժի մասին օրենքը չեղարկվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ջանքերի շնորհիվ, որն այսօր օրենքի վերականգնման թերևս ամենամոլի կողմնակիցն է։

Արևմուտքից հնչող կոշտ քննադատություններին, նախազգուշացումներին ի պատասխան՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պնդում է, թե մահապատիժը կիրառելու մասին իրեն ժողովուրդն է խնդրում, և իշխանությունները չեն կարող արհամարհել ժողովրդի կարծիքը։

Վերլուծաբանները, մինչդեռ, կարծում են, որ հակաեվրոպական հայացքներով հայտնի Էրդողանն այս քայլով երկու նպատակ է հետապնդում՝ ընդդիմությանը հասկացնել, որ իշխանությունների դեմ պայքարը կավարտվի մահով, և կամ այդպիսով ինքն իրեն ազատում է Թուրքիայի՝ եվրաինտեգրումից հրաժարվելու մասին անձամբ հայտարարելուց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG