ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն․ Պիտի շարունակենք ճանաչմանն ուղղված մեր ջանքերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Հայկական կազմակերպություններն արձագանքում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան առաջին ուղերձին:

Միացյալ Նահանգներում լոբբիստական գործունեություն ծավալող հայկական խոշորագույն կազմակերպությունների ներկայացուցիչների գնահատմամբ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում Թրամփի վարչակազմը որդեգրել է նախորդ նախագահ Օբամայի դիրքորոշումը:

Արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան առաջին ուղերձին՝ «Ամերիկայի հայկական համագումարի» տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ամերիկյան նոր վարչակազմն առնվազն նահանջ չգրանցեց Օբամայի դիրքորոշումից:

«Դիրքորոշումը չի փոխվել: Պետք է, որ ճանաչվի որպես ցեղասպանություն, այդ բառն օգտագործվի և պիտի օգտագործվի: Հիմա նախագահ Թրամփի շատ բառեր, խոսքեր նույնն էին, որը նախկին նախագահներն էլ են օգտագործել: Բայց ոչ, օրինակ, ինչպես նախագահ Ռեյգանը, նախագահ Այզենհաուերը և այլոք»,- ասաց Արփի Վարդանյանը:

ԱՄՆ նախագահի երեկվա ուղերձում, մասնավորապես, կարդում ենք․ «Այսօր մենք հիշում և հարգում ենք նրանց հիշատակը, ովքեր տառապել են Մեծ Եղեռնի՝ 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագությունների ժամանակ: Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին՝ 1915թ․-ից սկսած, մեկ և կես միլիոն հայեր արտաքսվեցին, կոտորվեցին և իրենց մահը գտան գաղթի ճանապարհին: Ես միանում եմ Ամերիկայի հայ համայնքին և համայն աշխարհի հայությանը՝ սգալով անմեղ զոհերի հիշատակը և շատ ու շատ ուրիշների տառապանքները»:

Թրամփի մամուլի խոսնակ Շոն Սփայսերն, ավելի ուշ անդրադառնալով Սպիտակ տան ղեկավարի հայտարարությանը, նշել է, որ այն համահունչ էր նախորդ մի քանի վարչակազմերի հայտարարություններին: Արփի Վարդանյանի խոսքով, օրինակ, 50 տարի առաջ անհնար էր պատկերացնել, որ ԱՄՆ-ի 45 նահանգ կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը, կամ որ Միացյալ Նահանգների նախագահը պարտավորված կլինի յուրաքանչյուր տարի անդրադառնալ այդ հարցին:

Օրերս հայտնի դարձավ, որ ամերիկյան արդեն 45-րդ նահանգը՝ Վայոմինգը ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը: Այս առնչությամբ, ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանն ասաց․ «Պիտի շարունակենք էդ գործը, որ 50 [նահանգ]ից 45-ը ճանաչել են, իհարկե պիտի աշխատենք նախագահ Թրամփի վարչակազմի հետ, որ առաջ գնա մեր գործը, և որ որպես պետություն ճանաչվի: Ես շատ ափսոսացի, երբ երեկ գնացի Ծիծեռնակաբերդ ու տեսա էն 26-27 երկրների դրոշակները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, բայց չտեսա ԱՄՆ-ի դրոշակը»:

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի կարծիքով, դժվար է կանխատեսել, թե առաջիկայում ինչ քաղաքականություն կորդեգրի Միացյալ Նահանգները Մեծ եղեռնի ճանաչման հարցում:

«[Դոնալդ Թրամփը] հանձնառու չի որևէ բան անելու, բայց, միաժամանակ, չի ուզում Թուրքիայի վրա այնքան ճնշում բանեցնի, որ Թուրքիան հաշվի առնի նաև Միացյալ Նահանգների կողմից այդ ճնշումը: Բայց Թրամփը, լինելով Թրամփ ․․․ բավական դժվար է կանխատեսել, որ առաջիկային ինչ կլինի, ոչ միայն մեր հարցում, այլ՝ ընդհանրապես: Դրա համար էլ պետք չէ բացարձակ եզրակացություններ անել, որ վերջ, սրանից այլ բան չի ասի կամ անպայման սա կլինի իր գիծը»,- ասաց Մանոյանը: