Ադրբեջանի իշխող ընտանիքը թաքցնում է իր տասնյակ բիզնեսներ․ լրագրողական հետաքննություն

Ադրբեջանի նախագահը ընտանիքի անդամների հետ, արխիվ

Ադրբեջանի իշխող ընտանիքն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հմտորեն թաքցնում են իրենց պատկանող մի քանի տասնյակ ընկերություններ:

Հանրությանը քաջ հայտնի, ակտիվորեն գործող, սակայն պետական գրանցամատյանում բացակայող ընկերությունների մեծ մասը պատկանում է նախագահական ընտանիքին, ասվում է ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի համահեղինակած հետաքննական հոդվածում:

Հետաքննությունը պարզել է, որ չգրանցված 29 ընկերություններից 10-ը «Փաշա Հոլդինգ»-ի դուստր ձեռնարկություններ են: Հոդվածագիրը հիշեցնում է, որ «Փաշա Հոլդինգ»-ի բաժնետոմսերի մի մասը պատկանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրերին՝ Արզուին և Լեյլային, մյուս մասը՝ նրանց պապին՝ առաջին տիկին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հորը՝ Արիֆ Փաշաևին:

«Փաշա Հոլդինգ»-ի և դրա կազմի մեջ մտնող ընկերությունների վերաբերյալ տեղեկությունները գաղտնի են նաև Ադրբեջանի հարկերի նախարարության բազայում: Պետական այդ մարմինը, ինչպես նաև «Փաշա Հոլդինգ»-ը պատճառների մասին «Ազատության» հարցումները թողել են անպատասխան:

Մինչդեռ ընկերության կայքէջում ընդգծվում է «Փաշա Հոլդինգ»-ի «նվիրվածությունը թափանցիկությանը», որի «օրինակ է փորձում այն ծառայել»:

Հանրությունից թաքցվող՝ Ալիևի ընտանիքին պատկանող ընկերությունների մասին հայտնի դարձավ, երբ Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը՝ GRECO-ն, հրապարակեց հերթական զեկույցը, որում Բաքվին մեղադրում էր պաշտոնատար անձանց ունեցվածքի թափանցիկության մեխանիզմը կյանքի կոչելու պարտավորություններից խուսափելու մեջ:

Նախկինում, ինչպես նշում են հոդվածագիրները, հարկային նախարարությունը որոշ պարտադիր տվյալներ էր պահանջում ընկերություններից՝ հասցե, գրանցման թվական, հարկատուի անձնական տվյալներ և այլն: Հենց այդ տվյալների շնորհիվ ադրբեջանցի լրագրողները բացահայտեցին իշխող ընտանիքի մութ գործարքները: Աղմկահարույց այդ հոդվածների հրապարակումից հետո օրենքը փոփոխության ենթարկվեց՝ այն այժմ ընկերություններից չի պահանջում բացահայտել սեփականատիրոջը:

Հիշեցնենք՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Խադիջա Իսմայիլովան 17 ամիս բանտում անցկացրեց ֆինանսական բնույթի մեղադրանքներով, սակայն նա և նրա աջակիցները պնդում էին, որ իշխանությունները վրեժխնդիր են լինում լրագրողից կոռուպցիան բացահայտող հաղորդումների համար, որտեղ ներգրավված էին նաև Ալիևը և նրա ընտանիքի անդամները: