Գրեհեմ․ «Թրամփի սեղանին կդնեմ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների փաթեթ»

ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը, արխիվ

ԱՄՆ հանրապետական առաջատար սենատոր Լինդսի Գրեհեմը Մյունխենում անվտանգության ամենամյա համաժողովում երեկ հայտարարել է, որ անհրաժեշտ է խստորեն պատժել ռուսներին ամերիկյան ընտրություններին միջամտելու փորձերի համար:

Ամերիկյան հետախուզական ծառայությունները այս տարվա հունվարին պատրաստել են հատուկ զեկույց, որի համաձայն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է կարգադրել կազմակերպել քարոզչական արշավ, որը պետք է ոչ միայն խաթարեր ամերիկացիների շրջանում հավատն ընտրական համակարգի նկատմամբ, այլև վարկաբեկեր ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին: Ըստ զեկույցի, Մոսկվայի համար տարատեսակ պատճառներով ավելի գերադասելի էր հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակը:

Սենատոր Գրեհեմը երեկ ասել է, որ Մոսկվան միայն Ամերիկայով սահմանափակվելու մտադրություն բնավ չունի:

«Ասեմ գերմանացի բարեկամներիս՝ հաջորդը դուք եք, ասեմ ֆրանսիացի բարեկամներիս՝ նրանք ձեր հետևից էլ կգան, ասեմ իմ «բարեկամ» Սերգեյ Լավրովին՝ հուսամ, որ դուք ի վերջո պատասխանատվություն եք կրելու դեմոկրատիաներին ձեր ռեժիմի հասցրած վնասների համար, և 2017-ը կլինի Կոնգրեսում Ռուսաստանի քամակին աքացի տալու տարի»,- հայտարարել է Գրեհեմը:

Մյունխենում ամերիկյան արտաքին քաղաքականության թեմայով բանավեճին մասնակցել են նաև երկու դեմոկրատ սենատորներ՝ Ջինի Շահինը և Քրիս Մերֆին: Սենատի զինված ուժերի հանձնաժողովի անդամ Գրեհեմը հայտնի է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ ընդգծված քննադատական դիրքորոշմամբ:

«Իմ նպատակն է Թրամփի սեղանին դնել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների փաթեթ, հուսով եմ, որ ինքը՝ որպես ազատ աշխարհի առաջնորդ, կընդունի այն, նա պետք է մեզ հետ համագործակցի ռուսներին պատժելու հարցում», - հայտարարել է Գրեհեմը: