Վիգեն Սարգսյանը չի բացառում նոր բախումների հնարավորությունը

Վիգեն Սարգսյան, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունն ու երկու երկրների միջև ռազմաքաղաքական համագործակցության խորացումը «զսպող գործոն» է համարում, որը նպաստում է տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը:

Ռուսաստանյան «Լենտա․ռու»-ին տված հարցազրույցում Հայաստանի պաշտպանության նախարարը նաև չի բացառել Ադրբեջանի հետ ռազմական բախումների վերսկսման հնարավորությունը: «Այս տարվա ապրիլին Ադրբեջանը լայնածավալ ռազմական արկածախնդրություն էր ձեռնարկել, որն ամբողջությամբ տապալվեց: Մենք մեր աշխատանքը կառուցում ենք ելնելով նրանից, որ ռազմական գործողությունների կրկնությունը հնարավոր է»,- ասել է Սարգսյանը:

Ընդ որում, նրա խոսքով «ակնհայտ է», որ ո՛չ Հայաստանին, ոչ էլ տարածաշրջանի երկրներին հակամարտության սրումը ձեռնտու չէ։ Հանդիսանալով Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը, Հայաստանը ստիպված է լինելու միջամտել, և պատերազմի վերսկսումը լուրջ սպառնալիք կլինի Հարավային Կովկասի համար, ասել է Հայաստանի պաշտպանության նախարարը։

Վիգեն Սարգսյանը հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող որոշ մանրամասներ է հաղորդել: Մասնավորապես, շեշտել է, որ 2010-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգման մասին արձանագրությունը ստորագրվել է հայկական կողմի նախաձեռնությամբ։ Բացի այդ, Հայաստանի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ այսօր արդիական է Գյումրիում հայ-ռուսական ռազմաարդյունաբերական համակարգի ստեղծումը, որը կարող է կամուրջ դառնալ Ռուսաստանի և Իրանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համար։

Նույն հարցազրույցում Վիգեն Սարգսյանը խոսել է նաև այն մասին, որ Հայաստանն ինքը ռազմատեխնիկական ոլորտի որոշ արտադրանք կարող է առաջարկել Ռուսատսանին․ օրինակ՝ անօդաչու թռչող սարքեր, որոնք իրենց չափանիշներով չեն զիջում այլ երկրներում արտադրվածներին։

Ռուսաստանցի փորձագետ, Կովկասի հարցերով վերլուծաբան Անդրեյ Եպիֆանցևն անխուսափելի է համարում Ղարաբաղում նոր պատերազմը: «Միակ հարցն այն է, թե երբ է սկսվելու այդ պատերազմը և ինչ ձևաչափով է այն լինելու»,- «Ազատությանն» ասաց փորձագետն ու պարզաբանեց՝ «Ես բանակցային ճանապարհով խնդրի կարգավորման հեռանկարներ չեմ տեսնում:

Փոխզիջում ասելով՝ այսօր Երևանը հասկանում է հետևյալը՝ մենք ձեզ մի քանի շրջան ենք վերադարձնում, դուք դրա դիմաց ճանաչում եք Ղարաբաղի անկախությունը: Բաքուն էլ ասում է՝ դուք մեզ տալիս եք բոլոր շրջանները, իսկ մենք Ղարաբաղին տալիս ենք լայն ինքնավարության կարգավիճակ»: Փորձագետը փաստում է՝ նման դիրքորոշումների դեպքում հնարավոր չէ ակնկալել խնդրի խաղաղ կարգավորում։

Օրերս, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ Ղարաբաղի խնդրի կարգավորման բանալին Մոսկվայում է: Ռուսաստանցի փորձագետն այդ պնդման հետ համաձյան չէ և ասում է, որ Մոսկվան չի կարող կողմերին անընդունելի փոխզիջումներ պարտադրել, որովհետև «ո՛չ Հայաստանում, ոչ էլ Ադրեբջանում հասարակությունները փոխզիջումների պատրաստ չեն»:

Ապրիլյան պատերազմի չորրորդ օրը կողմերը Մոսկվայի միջամտությամբ պայմանավորվեցին զինադադարի մասին: Եթե նոր ռազմական գործողություններ սկսվեն՝ Մոսկվան նորից կփորձի միջամտել, բայց միայն դիվանագիտական ճանապարհով, ռազմական օգնություն Հայստանը Մոսկվայից չպետք է ակնկալի, ասում է Եպիֆանցևն ու շարունակում՝

«Իսկ եթե ռազմական գործողությունները բերեն նրան, որ հայկական կողմը ստիպված լինի կարևոր գազատարներ ու նավթատարներ պայթեցնել, Ղարաբաղի թեման կհայտնվի միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, և այդ դեպքում աշխարհի և տարածաշրջանի լուրջ խաղացողները կողմերին կպարտադրեն փոխզիջումային տարբերակներ՝ պատերազմին վերջ տալու համար: Ալիևը սա հասկանում է, և կարծես թե հենց սրան է ձգտում»: