Վահրամ Բաղդասարյան․ Վարչապետին ավելի հեշտ կլինի աշխատել՝ լինելով Հանրապետականում

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան, արխիվ

Իշխող կուսակցության խմբակցության ղեկավարը շեշտում է՝ վարչապետի պաշտոնը քաղաքական պաշտոն է և լրջագույն պաշտոններից մեկն է:

«Եկեք իրար կողքի դնենք իմիջի ինչ-որ չափով նվազումն ու անմիջապես մասնակցությունը քաղաքական գործընթացներին», - ասում է Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ արձագանքելով վարչապետ Կարեն Կարապետյանի համոզմանը, թե իր վարկանիշն ընկել է Հանրապետական կուսակցությանն անդամակցելուց հետո։

«Նրա համար ավելի հեշտ կլինի աշխատել այդ ծրագրերն իրականացնելու համար, որ նա լինի այդ կուսակցության մեջ և այդ կուսակցության մեջ ունենա բավականին լուրջ դերակատարություն: Սրանք երկուսը բավականին վիճելի հարց է: Պետք է իրար կողք դնենք՝ իմիջի ինչ-որ չափով նվազո՞ւմը, թե՞ անմիջապես մասնակցություն ունենա քաղաքական գործընթացին», - նշում է իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը:

Վերջ ի վերջո, նրա խոսքով, «վարչապետի պաշտոնը դա քաղաքական պաշտոն է և ամենալրջագույն պաշտոններից մեկն է»․ - «Եվ ինձ թվում է՝ այս իրավիճակի մեջ, պառլամենտական համակարգի իրավիճակի մեջ, մենք նոր փուլ ենք մտնում արդեն, ինձ թվում է, որ բոլոր քաղաքական պաշտոնի կրող մարդիկ, քաղաքական գործիչները պետք է վերջ ի վերջո որոշեն նաև իրենց կուսակցական պատկանելիությունը»:

Բացի այդ, Բաղդասարյանի կարծիքով, վարկանիշը արագ է փոփոխվում՝ վերելքներով ու վայրէջքներով․ - «Իմիջի իջնելու կամ բարձրանալու հետ կապված, ինձ թվում է՝ դա շատ արագ կարող է փոփոխական լինել: Երբ որ աշխատանքի արդյունքում, երբ որ ծրագրի իրականացման արդյունքում հանրությունը տա իր գնահատականը, քաղաքական ուժերը տան իր գնահատականը, ինձ թվում է, որ այդ ժամանակավոր կորուստը, որը նաև նկատել է հանրապետության վարչապետը, դրանք շատ արագ վերականգնվող են»:

Թեև, ըստ Հանրապետական խմբակցության ղեկավարի, խորհրդարանական կառավարման մոդելին անցնելուց հետո քաղաքական գործիչները պետք է լինեն կուսակցական, այնուամենայնիվ, նա նկատել է, որ հանրությունն ավելի շատ վստահում է անկուսակցական գործիչներին։ «Հանրության հավատը միշտ ավելի շատ, վստահությունը ավելի բարձր է լինում անկուսակցական մարդկանց նկատմամբ, առավել ևս՝ վարչապետի պոստում», - ընդգծում է Վահրամ Բաղդասարյանը: