Մատչելիության հղումներ

Վարչապետ․ Չեմ եկել վեց ամիս աշխատելու


2018-ից հետո Կարեն Կարապետյանը իրեն տեսնում է վարչապետի պաշտոնում՝ եթե միայն իր գլխավորած կառավարությունը արդյունավետ լինի:

«Եթե մեր կառավարությունը, մեր թիմը էֆեկտիվ աշխատի, և եթե պահանջ եղած լինի, [ինձ] վարչապետ եմ տեսնում: Դա՞ էիք ուզում լսել», ֊ երեկ ուշ երեկոյան հայաստանյան լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարեց Կարեն Կարապետյանը՝ շարունակելով․ - «Չեմ եկել վեց ամիս աշխատելու: Բայց միևնույն ժամանակ, եթե մենք արդյունք ցույց տանք, եթե հանրությունը, ժողովուրդը, մեր քաղաքացին, գյուղացին, բանվորը, բիզնեսմենը, գիտնականը հասկանան, զգան, որ յուրաքանչյուր օր մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում, որ մենք ինչ-որ ձևի ցույց ենք տալիս այն հորիզոնները, որոնք որ հրապուրիչ են, որոնք որ բավարար են հասկանալու համար, որ ճիշտ ուղղությամբ ենք գնում, մենք կփորձենք աշխատել երկարատև»:

Վարչապետն ասաց, որ երկրի նախագահի հետ այդ հարցը չի քննարկել․ - «Նման հարց քննարկելը մոտավորապես նույնն է, որ ես հայտարարեմ, որ, գիտեք ինչ, ես երեք-չորս տարուց պակաս պատրաստ չեմ աշխատելու: Կարծում եմ, կոռեկտ չի լինի նման քննարկումը»:

Գրեթե 2 շաբաթ առաջ Հանրապետականի շարքերը համալրած վարչապետը զարմանում է՝ ինչո՞ւ էր շատերի համար անակնկալ իր՝ հանրապետական դառնալը։ Իշխող կուսակցությանն անդամակցելուն գրեթե այլընտրանք չտեսած վարչապետը այնուամենայնիվ կարծում է՝ իր վարկանիշն անդամատոմս ձեռք բերելուց հետո ընկել է: Լրագրողներն անդրադարձան նաև Հանրապետական կուսակցության 7000 նոր անդամներին, որոնք իշխող կուսակցությանն անդամագրվեցին անմիջապես Կարեն Կարապետյանի հետո։ Վարչապետը վստահեցրեց, որ ստիպողաբար կուսակցական չեն դարձել․ - «Յոթ հազար հոգին ընդունվել է, և ստիպողական է, թե չէ՝ դուք այնքան հնարավորություն ունեք այդ ստուգելու: Համենայն դեպս իմ կողմից որևիցե պարտադրանք չի եղել: Ես չեմ բացառում, որ տեղերում որոշակի մարդիկ կարող են «գերլծված» լինեն աշխատանքի մեջ, բայց, չգիտեմ ինչի, որ ասեք՝ հիմնավորի, գուցե չեմ հիմնավորի: Եթե նույնիսկ մարդիկ կան, որոնք ստիպված են ընդունվել, իրանք կրիտիկական զանգված չունեն»:

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ին համատարած անդամակցելը ԽՍՀՄ-ն ու ԽՄԿԿ-ն է հիշեցնում, և հարցին, թե ինչ վերաբերմունք ունի փլուզված միության հանդեպ, վարչապետն արձագանքեց․ - «ԽՍՀՄ-ի նկատմամբ շատ անտարբեր եմ և հանգիստ եմ»:

Ներկաներից մեկը Կարապետյանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ վերջինիս պատկերացումները Հայաստանի տնտեսության մասին տարբերվում են նախագահ Սարգսյանի պատկերացումներից, քանի որ վարչապետը նշել էր, թե տնտեսությունը ծանր վիճակում է, իսկ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի համագումարում խոսում էր ավելի բարեկեցիկ Հայաստանի մասին։ Արդյո՞ք փոխվել է վարչապետի կարծիքը։ - «Նախևառաջ, նախագահի հետ այսօր մեր աշխատանքը կառուցվում է հետևյալ առումով, որ տնտեսական բլոկում մեր այսօրվա թիմը ունի ազատության աստիճան՝ որոշում կայացնելու: Տնտեսական առումով մեր պատկերացումները տարբեր են: Մակրո առումով՝ չէ: Կարող են հարցեր լինել, որ մենք տարբեր ձև նայենք: Եվ դա նորմալ է, տրամաբանական է: Նույն մեր թիմի մեջ ես մի ձևով կարող եմ նայել, մեկ այլ նախարար մեկ ուրիշ ձև նայել, և դրա շուրջը բանակցենք»:

Վարչապետին ներկաները ուղղեցին նաև տնտեսական ոլորտին վերաբերող բազմաթիվ հարցեր: Ծանր տնտեսական վիճակի ամբողջական ախտորոշումը, Կարապետյանն ասաց, կտան հունվարի վերջին. - «Ռեգուլյար ախտորոշման մեջ ենք, երբևիցե ախտորոշման գործընթացը կամ ձեռքը պուլսի վրա պահելու գործընթացը չի ավարտվելու»:

Չշրջանվեց նաև ԵԱՏՄ-ի տնտեսական ծանր վիճակի և Հայաստանին խոստացված բայց այդպես էլ իրականություն չդարձաձ տնտեսական օգուտների թեման․ - «ԵԱՏՄ մտնելու ժամանակ մենք մտնում ենք մեծ շուկա: Մեծ շուկա մտնելու ժամանակ եթե անկում ունենք, որևիցե մեկը հաշվարկ չունի՝ եթե մենք այդ ԵԱՏՄ չմտնեինք, անկումն ինչքան կլիներ: Իսկ եթե ԵԱՏՄ չմտնեինք, գուցե անկումը ավելի՞ շատ լիներ: Այդ իսկ պատճառով, ինչքան է ԵԱՏՄ-ի փայաբաժինը անկման մեջ, և ինչքանն է ոչ․․․ համենայնդեպս, չեմ կարող ես ինչ-որ մի տրամաբանական բացատրություն տամ, որ ԵԱՏՄ-ի մեջ լինելն ա խանգարել, որ մեր տնտեսությունը չի զարգացել: Ես նման բացատրություն չունեմ»:

Անդրադարձ եղավ նաև ներքաղաքական զարգացումներին. Գագիկ Ծառուկյանի քաղաքականության վերադառնալուն, օրինակ, Կարապետյանը վերաբերվում է, իր խոսքով՝ «շատ հանգիստ»։

«Գագիկ Ծառուկյանը գալիս է քաղաքականություն, թե չէ՝ Գագիկ Ծառուկյանի խնդիրն է, և որևիցե մեկը որևիցե մեկի փոխարեն չի կարող պատասխանել՝ ինքը իրավունք ունի՞ գալ, թե չէ», - նշեց վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG