Էրդողանն ու Յըլդըրըմը շնորհավորել են Թրամփին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, վարչապետ Բինալի Յըլդըրըմ, արխիվ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն առաջիններից մեկն էր, որ շնորհավորեց Դոնալդ Թրամփին` ԱՄՆ 45-րդ նախագահ ընտրվելու առթիվ:

Թուրքական կառավարության ղեկավարը Թրամփին շնորհավորեց ամերիկյան ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից մոտ մեկ ժամ անց` Անկարայի ոստիկանական ակադեմիայի կուրսանտների հետ հանդիպման ժամանակ:

«Այսօր ողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է Միացյալ Նահանգներից ստացվող լուրերին: Ընտրությունները փոքր-ինչ այլ ելք ունեցան, քան ակնկալում էին շատերը: Ես ցանկանում եմ իմ շնորհավորանքները հղել Դոնալդ Թրամփին: Նորընտիր նախագահի համար նոր հնարավորություններ ի հայտ կգան, եթե նա հաշվի նստի այն պայքարի հետ, որ Թուրքիան մղում է ահաբեկչության դեմ: Իսկ եթե լուծվի Ֆեթուլահ Գյուլենի արտահանձնման հարցը, ապա թուրք-ամերիկյան հարաբերություններում նոր էջ կարող է բացվել», - հայտարարում էր Յըլդըրըմը:

Թրամփի հաղթանակին անդրադարձավ նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Այս մասին նա խոսեց Թուրքիայի անկախ արդյունաբերողների և գործարարների ընկերակցության հերթական համաժողովի ընթացքում: «Հուսով եմ, որ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահի պաշտոնավարումը կնպաստի մեր տարածաշրջանի զարգացմանը», - նշել է Էրդողանը: