Գլխավոր վնասվածքաբանն այցելել է «Սասնա ծռեր»-ից Հովհաննես Հարությունյանին

Հովհաննես Հարությունյանը Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավված տարածքում, հուլիս, 2016թ․

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ երեկ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող հրազենային վնասվածք ստացած Հովհաննես Հարությունյանին է այցելել առողջապահության նախարարության գլխավոր վնասվածքաբան Վաչագան Այվազյանը, իրականացրել անհրաժեշտ խորհրդատվություն:

«Այսօր արդեն իրականացվել է գործիքային հետազոտությունը: Առաջիկայում կկայանա կոնսիլիում` Հայաստանի առաջատար մասնագետների մասնակցությամբ, կներառվի նաև «Ի պաշտպանություն Հովհաննես Հարությունյանի քաղաքացիական նախաձեռնություն-պահանջ» կազմակերպության անդամների կողմից առաջադրված բժիշկ-մասնագետը: Արդյունքում` կորոշվեն բուժման հետագա մոտեցումներն ու ընթացքը», - ասված է նախարարության հաղորդագրությունում:

Նշվում է, որ երեկ առողջապահության նախարարություն էին այցելել «Ի պաշտպանություն Հովհաննես Հարությունյանի քաղաքացիական նախաձեռնություն-պահանջ» կազմակերպության անդամներ Հովսեփ Խուրշուդյանը, Դավիթ Սանասարյանը և Թամարա Հարությունյանը` լրատվամիջոցների ներկայացուցիչների ուղեկցությամբ, ովքեր իրենց մտահոգությունն էին հայտնել Հովհաննես Հարությունյանի առողջության վերաբերյալ: