10 տարվա ազատազրկում՝ Հեյդար Ալիևի արձանի վրա գրություն թողած ակտիվիստին

Գիյաս Իբրահիմով, արխիվ

Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի արձանի վրա գրություններ թողած երիտասարդ ակտիվիստը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման:

NİDA շարժման անդամ 22-ամյա ուսանող Գիյաս Իբրահիմովը բանտում է հայտնվել այս տարվա մայիսին՝ երկրի նախկին նախագահի արձանի պատվանդանին գրաֆիտի անելու պատճառով: Մինչդեռ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից նա մեղավոր է ճանաչվել ոչ թե արձանի գործով, այլ խոշոր չափի թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Ընդ որում, դատախազը պահանջել էր 9 տարի, ևս մեկ տարի էլ դատավորն իր կողմից է ավելացրել, փոխանցում է «Ազատության» ադրբեջանական ծառայությունը:

Ադրբեջանում, որտեղ գրեթե յուրաքանչյուր բնակավայրում, որոշ բնակավայրերում՝ մի քանի տեղ, երկրի նախկին առաջնորդի արձաններն են տեղադրված, առայժմ օրենսդրությամբ ամրագրված չէ, թե ինչ պատժաչափ է հասնում այն անձանց, ովքեր կպղծեն գրեթե պետական խորհրդանիշ դարձած ավագ Ալիևի արձանները:

Գիյաս Իբրահիմովի դեպքում իրավապահները երկար չեն մտածել՝ առաջադրելով ադրբեջանցի ակտիվիստներին առավել հաճախ ներկայացվող մեղադրանքը՝ թմրանյութերի ապօրինի շրջանառություն: Սակայն եթե որոշ ակտիվիստների դեպքում նույն հոդվածով 5, 6 կամ 7 տարի ազատազրկում էր սահմանվում, ապա Հեյդար Ալիևի արձանի վրա «Կորչի՛ համակարգը» գրություն թողած ակտիվիստի պատժաչափը հասավ 10 տարվա:

Հիշեցնենք, Իբրահիմովը իր՝ այդ տեսակի մեջ թերևս առաջին բողոքի ակցիան իրականացրել է անկախ Ադրբեջանի առաջին նախագահ, որդուն իշխանությունը ժառանգած Հեյդար Ալիևի ծննդյան 93-րդ տարեդարձի նախօրեին․ 2004 թվականից սկսած Ադրբեջանի իշխանությունները ավագ Ալիևի ծննդյան օրը հռչակել են «Ծաղիկների տոն», և նրա հուշարձանի պատվանդանին արված «Կեցցե՛ ստրուկների տոնը» գրությունը բառախաղ էր. ադրբեջաներենում ծաղիկ և ստրուկ բառերը գրեթե նույն կերպ են գրվում և արտաբերվում:

«Ես չեմ ցանկանում պաշտպանել ինձ առաջադրված մեղադրանքից: Յուրաքանչյուր խիղճ ունեցող մարդ գիտի, որ իմ ձերբակալության պատճառը քաղաքակիրթ բողոքս էր ընդդեմ երկրում տիրող կամակայականությունների: Ես որևէ գրված օրենք չեմ խախտել, սակայն այս համակարգը չգրված օրենքներ ունի, որոնցում ստրկությունը ներկայացվում է որպես ազատություն», - 22-ամյա Իբրահիմովի խոսքերն է մեջբերում «Ազատության» ադրբեջանական ծառայությունը՝ հավելելով ակտիվիստի վերջին խոսքը․ - «Ես չեմ ուզում լինել այս համակարգի ստրուկը»:

«Ալիևն իմ որդուց գողացավ 10 տարի, որպեսզի իր որդին դառնա իշխանություն: Ոչինչ, Ադրբեջանում Գիյասի պես որդիներ շատ կան. Իլհա՛մ Ալիև, վախեցի՛ր այդ տղաներից», - դատական նիստի ավարտին հայտարարել է բանտարկված ակտիվիստի մայրը՝ Շուրա Իբրահիմովան: