Վերաքննիչը կրկին հետաձգեց երկու երեխաների մահվան համար մեղադրվող բժշկուհու գործի քննությունը

5-ամյա Էրիկի մայրը ցույց է տալիս որդու լուսանկարները

Հիվանդանոցում մահացած Էրիկի մայրը՝ Լուսինե Ամիրխանյանը, զայրացավ, երբ արդեն երկրորդ անգամ Վերաքննիչ դատարանը հետաձգեց մանկահասակ երկու երեխաների մահվան համար մեղադրվող բժշկուհու գործով վերաքննիչ բողոքի քննությունը:

Մեկ տարի առաջ Արմավիրի մարզի հիվանդանոցում մահացած 5-ամյա էրիկի ու 4 ամյա Կարինեի հարազատները պնդում են՝ երեխաները կյանքից հեռացել են բժշկի՝ Անահիտ Պետրոսյանի անգործության հետևանքով: Սա իր վճռով հաստատել է նաև առաջին ատյանի դատարանը:

«Ինչի՞ համար ա էս դատարանը էդքան հետաձգում՝ մեկ տարի ուղիղ, երեխեն արդեն եղավ վեց տարեկան, ինքը դեռ հետաձգում ա, երկրորդ դատին եմ սպասում ես՝ տեսնեմ ի՞նչ ա լինում էս դատից հետո, տեսնեմ ինչքա՞ն են քաշքշելու, էս ծնողների տառապանքն ինչքա՞ն պետք ա լինի: Ոչ գիշերն ես կարողանում քնես, ոչ ցերեկն ես կարողանում քնես, ոչ մի ձևով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Լուսինե Ամիրխանյանը:

Երեխաներին իրենց ոտքով հիվանդանոց տարած ծնողները չեն կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ հիվանդանոցն իրենց հանձնեց փոքրիկների անշնչացած մարմինները: Ասում են՝ Արմավիրի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի ղեկավար Անահիտ Պետրոսյանը պատշաճ բուժում չի իրականացրել ու շարունակ պնդել է՝ տոքսիկ շոկից երեխաներին փրկել հնարավոր չէր: Թեպետ առաջին ատյանի դատարանը մեղավոր էր ճանաչել բժշկին ու դատապարտել 3 տարի ազատազրկման՝ արգելելով նաև մասնագիտական գործունեությամբ զբաղվել 1 տարի 6 ամիս ժամկետով, բժշկի փաստաբանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ պահանջելով բեկանել այդ որոշումն ու անմեղ ճանաչել Անահիտ Պետրոսյանին:

«Դե նույն կարծիքին եմ, առայժմ ես կարծիքս չեմ փոխել: Քրեաիրավական արձագանքը պետության կողմից եղել է ոչ ճիշտ, հետևաբար՝ այս պահին մենք նույն կարծիքին ենք, դիրքորոշմանն ենք, որ նա հանցանք չի կատարել և պետք է արդարացվի, միանշանակ», - «Ազատությանը» ասաց բժշկուհու փաստաբան Արայիկ Ղազարյանը:

Վերաքննիչ դատարան է դիմել նաև հիվանդանոցում մահացած 4-ամյա Կարինեի ծնողների փաստաբան Անի Չատինյանը: Թեև առաջին ատյանի դատարանի որոշումը փաստաբանն աննախադեպ է համարում՝ բժշկի մեղքը ճանաչելու առումով, այդուհանդերձ, Վերաքննիչից պահանջում է խստացնել պատիժը, ասաց՝ բժիշկը պետք է ազատազրկվի ոչ թե 3, այլ 5 տարով:

«Մենք վերաքննիչ բողոքով ներկայացրել ենք 5 տարի ժամկետով ազատազրկում, պահանջել ենք 5 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժ, և որպես լրացուցիչ պատիժ՝ բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից 3 տարի ժամկետով զրկել: Այսինքն՝ լրացուցիչ պատիժը առավելագույնն ենք պահանջել, հիմնական պատիժը՝ ոչ: Բայց կարծում ենք, որ 5 տարին բավական կլինի, ամեն դեպքում, սոցիալական արդարությունը գոնե վերականգնելու համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց Չատինյանը:

Այսօրվա նիստը հետաձգվեց պատասխանող կողմի փաստաբանի միջնորդությամբ, ասաց՝ դատարանից ծանուցում չի ստացել, ու ժամանակ խնդրեց դրան ծանոթանալու համար:

Անի Չատինյանը, սակայն, կարծում է, որ դատարանը չպետք է նիստը հետաձգեր. - «Չստուգվեց ուղարկելը հավաստող, ստանալը հավաստող փաստաթղթի առկայությունը կամ բացակայությունը: Այս դեպքում պարտավորությունը կողմի վրա չէ՝ մյուս կողմին ծանուցելը, դատարանի վրա է պարտավորությունը»:

Մինչև դատարանի դահլիճ մտնելն ու դրանից հետո բժշկուհի Անահիտ Պետրոսյանը հրաժարվեց պատասխանել «Ազատության» որևէ հարցի:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 6-ին: