Մատչելիության հղումներ

Երկու երեխայի մահվան գործով ազատազրկված բժշկուհին կբողոքարկի դատավճիռը


Անահիտ Պետրոսյանը դատարանի դահլիճում, արխիվ

Անահիտ Պետրոսյանը դատարանի դահլիճում, արխիվ

Մահացած երեխաների ծնողները, մինչդեռ, երեք տարվա ազատազրկումը մեղմ պատիժ են համարում:

Արմավիրցի 4-ամյա Կարինեի և 5-ամյա Էրիկի մահվան գործով երեք տարվա ազատազրկման դատապարտված բժիշկ Անահիտ Պետրոսյանը պատրաստվում է բողոքարկել դատարանի վճիռը: Այս մասին «Ազատությանը» հայտնեց նրա փաստաբան Արայիկ Ղազարյանը: Դատարանը բժշկին մեղավոր է ճանաչել իր մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մեջ:

«Մենք դատավճռից գոհ չենք, պետք է բողոքարկենք վերաքննիչ դատարան, որովհետև մեր դիրքորոշումը նույնն է՝ նա հանցագործություն չի կատարել: Գուցեև ինչ-որ տեղ սխալ է արել, բայց դա հանցագործություն չի կարելի համարել: Ես համարում եմ, որ երկրորդ ատյանը հնարավոր է, որ այո՝ ավելի օբյեկտիվ լինի, ավելի հումանիստական․․․»,- ասաց փաստաբանը:

Երեկ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երեք տարվա ազատազրկման վճռից բացի նաև որոշում կայացրեց Անահիտ Պետրոսյանին 1 տարի 6 ամիս ժամկետով մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքից զրկելու մասին: Հիվանդանոցում մահացած 4-ամյա Կարինե Հովհաննիսյանի իրավահաջորդի շահերը ներկայացնող՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Անի Չատինյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ թեպետ 3 տարին քիչ է, բայց բավական է, որպեսզի բժիշկ Անահիտ Պետրոսյանը հեռու մնա հիվանդանոցից: «Երեք տարին շատ քիչ է երկու երեխայի մահվան համար, բայց, այնուամենայնիվ, պատժելու համար, իմ կարծիքով, էդ ժամանակահատվածն էլ բավական կլինի երևի»,- ասաց Չատինյանը:

Դատարանի այս որոշումը նախադեպային համարող՝ տուժող կողմի ներկայացուցիչն ասաց՝ պատժաչափն ավելացնելու վերաբերյալ իրենք դիմում կներկայացնեն միայն այն դեպքում, եթե երեխայի ծնողները նման որոշում կայացնեն: Անցած տարի բժիշկ Անահիտ Պետրոսյանի հսկողության տակ գտնվող 5-ամյա Էրիկը, ծնողի պնդմամբ, Երևան է տեղափոխվել արդեն մահացած: Մայրը՝ Լուսինե Ամիրխանյանը, երեք տարվա ազատազրկումը մեղմ պատիժ է համարում: «Երկու երեխայի գլուխն ուտես մի օրում ու երեք տարի՞, ես չեմ հասկանում: Թեկուզ մի դոմիկի մեջ եմ մնում, դոմիկն էլ կվաճառեմ․․․ ոչ մի ծնողի արցունքներ իրանք չեն մարսելու, եթե ծնողներ կան, որ կարող են ինձ հետ պայքարել, թող միանան: Եթե չէ, ես մենակով․․․ բոլոր ծնողների արցունքների համար ինքը պետք է պատասխան տա»,- ասաց մահացած երեխայի մայրը:

Ու թեև Արմավիրի մարզի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի նախկին ղեկավարն արդեն շուրջ մեկ տարի է չի աշխատում հիվանդանոցում, 5-ամյա Էրիկի մայրը, միևնույն է՝ չի վստահում հիվանդանոցի մյուս բուժաշխատողներին: Առողջական խնդիրներ ունեցող ավագ դստերն այսօր Երևան էր բերել: Ասում է՝ բժիշկ Անահիտ Պետրոսյանն իրեն զրկեց երջանիկ ապրելու հնարավորությունից: Որդեկորույս մոր խոսքով, մինչ այսօր գիշերներ է լուսացնում որդու գերեզմանի մոտ: Արտասվելով վերհիշում է՝ վերակենդանացման բաժանմունքում որդին տասն օրից ավելի պայքարել է կյանքի համար, բայց՝ ապարդյուն․ - «Անընդհատ սպասում էինք, որ լավ նորություն կիմանանք, բայց ապարդյուն էր․․․ոչ մի բան չեղավ»:

Դատական նիստերից մեկի ժամանակ, երբ դատավորը հարց ուղղեց ամբաստանյալ բժշկուհուն՝ ինչպե՞ս պատահեց, որ իր հսկողության տակ գտնվող երկու երեխաներն էլ մահացան, Պետրոսյանը պատասխանել էր՝ ինքն անուշադիր չի եղել, արել է հնարավոր ամեն բան: Այդ օրը, մինչ դատարանի դահլիճ մտնելը, լրագրողների հետ զրույցում Անահիտ Պետրոսյանը վստահություն էր հայտնում, որ դատարանն իրեն կարդարացնի:

XS
SM
MD
LG