ԱՆ. Զինված միջադեպի և հետագա զարգացումների հետևանքով ստացիոնար բուժում է ստանում 14 հիվանդ

Վիրավորները՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում, 21-ը հուլիսի, 2016թ.

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ առավոտյան ժամը 10-ի դրությամբ մայրաքաղաքի հիվանդանոցներում Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զինված միջադեպի և հետագա զարգացումների հետևանքով ստացիոնար բուժօգնություն է ստանում 14 հիվանդ, որից 6-ը` ոստիկան, 3-ը` զինված խմբի անդամ:

«Գիշերը տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել իրավապահ մարմինների 1 աշխատակից և զինված խմբի 2 անդամ ` հրազենային վնասվածքներով։ Զինված խմբի վիրավորում ստացած անդամները վիրահատությունից հետո գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Նրանց վիճակը մասնագետները գնահատում են կայուն ծանր։ Հոսպիտալացված ոստիկանը բաժանմունքում է, վիճակը գնահատվում է բավարար», - ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունը նաև տեղեկացնում է, որ հուլիսի 17-ին հոսպիտալացված ոստիկանի վիճակը կայուն ծանր է, կա ակնհայտ դրական շարժընթաց։ Տուժածներին բոլոր հիվանդանոցներում ցուցաբերվում է անհրաժեշտ պատշաճ բուժօգնություն։

Զինված խմբի երկու անդամ տեղափոխվել են դատապարտյալների հիվանդանոց։

Նախարարությունը տեղեկացնում է, որ հավաքի մասնակիցներից որևէ մեկը բժշկական օգնություն ստանալու նպատակով չի դիմել։