Իշխող ուժը չի արձագանքում Էրեբունիում ծավալվող դեպքերին

ՀՀԿ գրասենյակը Երևանում, արխիվ

Ընդդիմադիր կուսակցությունները քննադատում են Սերժ Սարգսյանի լռությունը:

Արդեն 5-րդ օրը ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցող իրադարձություններին Բաղրամյան 26-ը դեռ չի արձագանքել: Նախագահի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը ողջ օրվա ընթացքում մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում։ Այս պահին հայտնի է միայն, որ Սերժ Սարգսյանը հուլիսի 17-ին խորհրդակցություն է անցկացրել իրավապահ համակարգի պատասխանատուների հետ։

Ընդդիմադիր կուսակցությունները քննադատում են Սերժ Սարգսյանի լռությունը։ Նրանց կարծիքով, արդեն մի քանի օր Ոստիկանության ՊՊԾ գնդի շուրջ ծավալվող իրադարձություններին նախագահը պետք է արձագանքեր։ Խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժի՝ «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար Նաիրա Զոհրաբյանը երկար է մտածել, թե ինչու է նախագահը լռում, բայց պատասխան չի գտել։ «Միգուցե չկա հստակ ասելիք, բայց ես, էլի եմ կրկնում, այս լռությունն ինձ հասկանալի չէ, էդպես չպիտի լիներ, անորոշությունը կարող է տանել որոշակի էսկալացիայի»,- ասաց Զոհրաբյանը:

Նա փորձել է տրամաբանական բացատրություն գտնել, կարծում է` կամ իշխանությունները իրավիճակից ելքեր չեն գտնում, կամ էլ բանակցություններ են ընթանում, բայց դրանք դեռևս այն փուլում են, որ հստակ ասելիք չկա։ Նախկին ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի նորաստեղծ «Համախմբում» կուսակցությունում էլ կարծում են, որ երկրի քաղաքական ղեկավարության՝ ժողովրդից ինքնամեկուսացման պայմաններում մեծանում է բախումների հավանականությունը։ Ժամեր առաջ տարածած հայտարարությունում կուսակցությունը քննադատում է իշխանությանը և պնդում, որ այն աշխարհում նախադեպը չունեցող պահվածք է ցուցաբերում։

Ընդդիմադիր «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանն էլ կարծում է, որ նախագահը չի խոսում, քանի որ «չգիտի՝ ինչ խոսի»։ «Պատասխան չունեն իրենք, չունեն հնարավորություն՝ պարզաբանումներ տրամադրելու: Սա վկայում է այն բանի մասին, որ իշխանություններն այլևս չեն վերահսկում իրավիճակը»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Զարուհի Փոստանջյանը: Նրա խոսքով, ստեղծված իրավիճակում պետք է նաև ԱԺ արտահերթ նիստ գումարվեր, մինչդեռ «ամեն ինչ հուշում է, որ իշխանությունները տապալվել են»։

Ընդդիմադիր ՀԱԿ-ն էլ դեռ չի շտապում արձագանքել Էրեբունու իրադարձություններին։ Կուսակցությունից Արման Մուսինյանը փոխանցեց, որ իրենց դիրքորոշումը չի փոխվել: Մի քանի օր առաջ նա ասել էր, որ իրադարձությունները դեռ զարգանում են, իրավիճակը զգայուն է, հետևաբար՝ մեկնաբանություն կամ գնահատական տալու պահը չէ։ ՀԱԿ-ում պնդել էին, որ դեմ են քաղաքականությունում բռնությանը, և հույս հայտնել, որ ամեն ինչ խաղաղ լուծում կստանա։

Առանց բռնության խնդիրը լուծելու կողմնակից են բոլորը, ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն էլ կարծում է, որ չնայած իրավիճակը դասական իմաստով ահաբեկչություն է, բայց «Սասնա Ծռեր»-ի անդամները ահաբեկիչներ չեն, և պետք է ոչ ստանդարտ լուծումներով կարգավորել իրավիճակը: «Ձնագնդիի էֆեկտով ավելանում է ագրեսիան, շատ վտանգավոր է, մենք իրավունք չունենք դա թույլ տալու»,- նշում է Զոհրաբյանը:

Իշխող Հանրապետական կուսակցության անդամները ևս, իրենց ղեկավար Սերժ Սարգսյանի օրինակով, չեն արձագանքում ծավալվող իրադարձություններին: Նրանք կամ անհասանելի են, կամ էլ՝ հեռախոսազանգերին չեն պատասխանում։ Սպասվում է, որ ՀՀԿ գործադիր մարմնի՝ այսօր երեկոյան կայանալիք նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը կանդրադառնա նաև ՊՊԾ գնդին առնչվող իրադարձություններին։