Փոխըմբռնման հուշագիր ՀՀ ՔԿ-ի և ԻԻՀ վերահսկողության կազմակերպության միջև

Իրանի վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջ, արխիվ

Այսօր Երևանում կայացած առանձնազրույցից հետո Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը և Իրանի վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:

Ինչպես հաղորդում է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, փաստաթղթով կողմերը, իրենց պետությունների ազգային օրենսդրության և միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին համապատասխան, պայմանավորվել են համագործակցել կոռուպցիայի դեմ պայքարում, մարդու իրավունքների պաշտպանության, դիմումների քննության, ինչպես նաև՝ յուրաքանչյուր կողմի իրավասության այլ լիազորությունների իրականացման բնագավառում: Կկազմակերպվեն պատվիրակությունների կամ փորձագետների փոխադարձ այցեր, ֆորումներ, աշխատանքային հանդիպումներ, գիտաժողովներ և կլոր սեղաններ, կապահովվի պատշաճ տեղեկատվության փոխանակումը:

Հիշեցնենք, Նասեր Սերաջի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Հայաստան է ժամանել երեկ՝ Աղվան Հովսեփյանի հրավերով։