Առողջապահական գործակալության և դրա Երևանի կենտրոնի պետերի պաշտոնավարումը դադարեցվեց

Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակում քննիչը երեկ որոշումներ է կայացրել մեղադրյալներ՝ Հայաստանի առողջապահության նախարարության աշխատակազմի Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանի և գործակալության Երևանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու մասին:

Այդ մասին հաղորդում է Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, հիշեցնելով, որ ավելի վաղ, ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Սարո Ծատուրյանին, Արսեն Սեդրակյանին և նույն գործակալության բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից 2012-2014 թվականներին առողջարանային կեղծ ուղեգրեր պատրաստելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։