Մատչելիության հղումներ

Առողջապահության նախարարության ձերբակալված երեք պաշտոնյաներից երկուսին մեղադրանք է առաջադրվել


Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Երկու օր առաջ ձերբակալված երրորդ պաշտոնյան՝ Պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը դեռևս ձերբակալված է:

Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Առողջապահության նախարարության՝ երկու օր առաջ ձերբակալված երեք պաշտոնյաներից երկուսին:

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն «Ազատությանը» փոխանցեց, որ մեղադրանք է առաջադրվել Պետական առողջապահության գործակալության Երևանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանին և գործակալության բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանին։

Այս երկու պաշտոնյաների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Տռուզյանի փոխանցմամբ, Սեդրակյանն ու Խարազյանը 2012-2014 թվականների ընթացքում անձնական շահագրգռվածությունից ելնելով չեն կատարել պաշտոնեական պարտականությունները, ինչի արդյունքում կեղծվել են անվճար հատկացվող առողջարանային բուժօգնության ուղեգրերը և յուրացվել պետության փողերը:

«Ընդունվել են Առողջապահության նախարարի հրամաններով հաստատված դեպքերից ավելի քանակության ուղեգրեր, որի հետևանքով անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ», - նշեց Տռուզյանը՝ հավելելով, որ Պետական առողջապահության գործակալության տնօրեն Սարո Ծատուրյանը դեռևս ձերբակալված է, սակայն նրան դեռ մեղադրանք չի առաջադրվել․ - «Նա կասկածյալի կարգավիճակում է և ձերբակալված է: Սահմանված ժամկետում կկայացվի համապատասխան դատավարական որոշում, որի մասին նույնպես կիրազեկենք»:

Պաշտոնեական դիրքի չաշարահման համար մեղադրվող առողջապահության ոլորտի պաշտոնյաների մեղքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է 2-6 տարվա ազատազրկում։

Նրանց վերադաս, դեռևս կասկածյալ համարվող Առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանի ծնողները պնդում են, թե որդին կապ չունի այս ամենի հետ: Ասում են, թե բացահայտված խախտումները չեն վերաբերում նրա պաշտոնավարման ժամանակահատվածին։

Հայրը՝ Արամայիս Ծատուրյանն ասում է, թե որդին չի ընդունում մեղքը։ Տարեց ծնողները պնդում են, որ եթե անգամ որդու ղեկավարած կառույցում խնդիրներ են ծագել, ապա կարող էին բավարարվել վարչական պատասխանատվության ենթարկելով․ - «Իրա օրով ոչ մի խարդախ բան չեն գտել իրա վրա: Դա տեղի է ունեցել Դերենիկ Դումանյանի նախարար լինելու ժամանակ: Հիմա թե ինչ են արել, ինչ չեն արել, ուղեգրերի վաճառք-մաճառք․․․ Սարոն կապ չունի: Սարոն էնքան աչքը կուշտ տղա է»։

Սարո Ծատուրյանը Առողջապահության նախկին նախարար Հայկ Նիկողոսյանի աներորդին է։ Նիկողոսյանը նախարարությունը գլխավորել է 1998-2000 թվականներին:

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականը չբացառեց նոր ձերբակալությունները, մասնավորապես, կեղծ ուղեգրերը պատրաստողների՝ դրանց շնորհիվ բյուջեից գումարներ յուրացրած անձանց շրջանակը բացահայտելու համար։

XS
SM
MD
LG