Զախարովա․ Գերմանիան մոտեցավ Ռուսաստանի դիրքորոշմանը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը Բունդեսթագի կողմից Գերմանիայի ներքին գործն է: Այդ մասին երեկ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հիշեցնելով, որ «Ռուսաստանի Պետական դումայի համապատասխան հայտարարությունները տվյալ հարցով ընդունվել են շատ վաղուց և դրանք վերահաստատվել են»:

«Համապատասխանաբար, ռուսական կողմի դիրքորոշումը տվյալ հարցով շատ հստակ է: Այսօրվա դրությամբ կարելի է ասել, որ Ռուսաստանի դիրքորոշմանը մոտեցավ և Գերմանիան», - Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ասել է Զախարովան:

Բեռլինից Թուրքիայի դեսպանի հետկանչը՝ խորհրդակցությունների համար, Զախարովան որակել է որպես Թուրքիայի և Գերմանիայի միջև երկկողմ օրակարգի իրադարձություն: