Գորբաչով․ Ղրիմի բնակիչների ձայնին պետք էր ականջ դնել

ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչով, փետրվար, 2016թ․

Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Միխայիլ Գորբաչովը The Sunday Times-ին տված հարցազրույցում ասել է, որ եթե ինքը լիներ Վլադիմիր Պուտինի փոխարեն, նույն ձևով կվարվեր Ղրիմի հետ, քանի որ թերակղզու բնակչության մեծամասնությունն ուզում էր վերամիավորվել Ռուսաստանի հետ, և «նրանց ձայներին պետք էր ականջ դնել»:

Գորբաչովը վերջին տարիներին հաճախ է քննադատում Պուտինին, բրիտանական պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ այսօր որևէ կապ Ռուսաստանի նախագահի հետ չունի:

Հիշեցնենք, վեց տարի առաջ Մոսկվայում «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված բացառիկ հարցազրույցում Միխայիլ Գորբաչովը Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին խոսելիս ասել էր․ - «Օրինակ, ես առաջարկում էի Ղարաբաղին տալ հանրապետության կարգավիճակ: Ադրբեջանի այն ժամանակվա ղեկավարությունը՝ Վեզիրովն էր կարծեմ, ուզում էր համաձայնել, բայց հետո չստացվեց: Այն ժամանակ գուցե հնարավոր լիներ խնդիրը կարգավորել, իսկ հիմա արդեն հնարավոր չէ պատկերացնել, որ Ղարաբաղը նորից լինի Ադրբեջանի կազմում»:«Ինձ թվում է՝ պետք էր աջակցել Լեռնային Ղարաբաղին, կարգավիճակ տալ, պետք էր աջակցել նաև տնտեսապես», - 2010 թվականին «Ազատությանը» տված հարցազրույցում ասել էր նա:

Հավելենք, որ Ղրիմի մասին խոսելիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գերմանական Bild-ին տված հարցազրույցում անցած տարի հունվարին ասել էր․ - «Ղրիմի հարցում միջազգային նորմերը չեն խախտվել: ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ ցանկացած ժողովուրդ ինքնորոշման իրավունք ունի»: «Օրինակ՝ Կոսովոյի դեպքում ՄԱԿ-ի միջազգային դատարանը վճռել էր, որ ինքնիշխանության մասին հարցը որոշելիս կարելի է հաշվի չառնել կենտրոնական իշխանությունների կարծիքը», - հավելել էր Պուտինը: