Զինվորական քննչական գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել ապրիլի 10-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ հայկական կողմին հանձնված 18 հայ զինծառայողների մարմինների վրա արտաքին զննությամբ արձանագրված խոշտանգումների, անարգանքի հետքերի առնչությամբ:
Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը «Ազատությանը» փոխանցեց, որ քրեական գործը հարուցված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 390-րդ հոդվածի 6-րդ մասի հատկանիշներով, այն է՝ զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, միջազգային պայմանագրերով նախատեսված խախտումների դեպքերի առթիվ:
«Վարույթն իրականացնող մարմինը նշանակել է դատաբժշկական փորձաքննություններ՝ պարզելու մեր զինծառայողներից յուրաքանչյուրի մահվան պատճառը, մարմնական վնասվածքների բնույթն ու ծանրության աստիճանը, դրանց պատճառահետևանքային կապը մահվան հետ և թե որ մարմնական վնասվածքը երբ է պատճառվել՝ նախքա՞ն զոհվելը, թե՞ մահից հետո: Այս պահին դեռևս եզրակացությունները չենք ստացել, դրանց մասին տեղեկություն կտրամադրենք լրացուցիչ», - «Ազատության» հետ զրույցում, մասնավորապես, ասաց Տռուզյանը:
Մանրամասները տե՛ս այստեղ