Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին փոխանցել է 18 զինծառայողի մարմին


Զոհերի մարմինների փոխանակումը, ԼՂ Պաշտպանության բանակի հաղորդմամբ, տեղի է ունեցել կեսգիշերին մոտ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում:

Վերջին տվյալներով՝ հայկական կողմն ունի 65 զոհ, 121 վիրավոր։

Լեռնային Ղարաբաղի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը նշել է, որ մեկ զինծառայողի ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ․ - «Ապրիլի 2-ից 5-ը ընկած ժամանակահատվածում մեր անհայտ կորածների թիվը 19-ն էր, բայց այսօր 18-ը վերադարձրինք: Մեկի ճակատագիրը դեռ անհայտ է: Կարմին Խաչի միջազգային կազմակերպության հետ աշխատանքներ ենք տանում՝ պարզելու զինվորականի ճակատագիրը»:

Քոչարյանի խոսքով, մասնագետներն այս պահին աշխատում են զոհվածների ինքնությունը պարզելու ուղղությամբ, ինչից հետո մարմինները կհանձնվեն հարազատներին։

Հանձնաժողովի նախագահը նաև նշում է, որ Կարմիր Խաչի միջոցով Ղարաբաղը նույնպես դիեր է փոխանցել ադրբեջանական կողմին։

Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ այս գիշեր ևս առանձին հատվածներում Ադրբեջանը խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը։ Մասնավորապես հարավային և հյուսիսային ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա կրակոցներ են արձակվել 60 մմ ականանետերից ու նռնականետերից։

Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի փոխանցմամբ, իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է․ - «Ընդհանուր առմամբ պահպանվում է զինադադարի ռեժիմը: Իհարկե, ամեն ինչ համեմատության մեջ է։ Եթե համեմատենք այն, ինչ տեղի է ունեցել ապրիլի 1-ից 5-ը, իհարկե, ահագին ավելի կայուն է: Մենք պատասխան գործողությունների դեռևս չենք դիմում, որովհետև ավելի պատասխանատու ենք մոտենում այդ հարցին»:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը 17 անգամ կրակահերթեր է արձակել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում: Հայ դիրքապահների ուղղությամբ կիրառվել են հրաձգային, այդ թվում նաև խոշոր տրամաչափի զինատեսակներ և ականանանետեր:

Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, ադրբեջանական կողմի կրակահերթերը հիմնականում կրել են անկանոն բնույթ, ՀՀ զինված ուժերը պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Սահմանային իրավիճակն այս պահին ամբողջությամբ վերահսկելի է։

XS
SM
MD
LG