ԱՄՆ օրենսդիրները նախագահին հորդորում են ճնշում բանեցնել Ալիևի վրա

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, արխիվ

Ռոյսը և Շերմանը Օբամային նամակ են գրել Ադրբեջանի նախագահի Վաշինգտոն այցին ընդառաջ:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական Էդ Ռոյսը և Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Բրեդ Շերմանը նամակով դիմել են Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ Լեռնային Ղարաբաղի հարցով: Այդ մասին տեղեկացնում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը:

Կոնգրեսականները, մասնավորապես, խնդրում են, որ Բարաք Օբաման իր «հնարավորություններն օգտագործելով՝ անձամբ ճնշումներ գործադրի Ադրբեջանի նախագահի վրա»՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը միտված երեք պահանջներն ընդունելու նպատակով:

Նամակի հեղինակներն այս քայլին են դիմում մարտի վերջին Վաշինգտոն Իլհամ Ալիևի կատարելիք այցին ընդառաջ:

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և ազդեցիկ դեմոկրատ անդամ Էլիոթ Ինգըլը, հիշեցնենք, ավելի վաղ առաջարկել են խաղաղությանը միտված երեք կոնկրետ քայլ, որոնք կարճաժամկետ հեռանկարում կփրկեն կյանքեր և կօգնեն խուսափել պատերազմից, իսկ երկարատև հեռանկարում կնպաստեն համընդգրկուն և տևական խաղաղության հաստատմանը:

Այդ քայլերն են՝ շփման գծում դիպուկահարների չտեղակայելու մասին բոլոր կողմերի համաձայնություն, հրաձգության տեղորոշման՝ ԵԱՀԿ-ի դիտարկող համակարգի տեղակայում՝ հրադադարի խախտումներն ավելի լավ դիտարկելու համար, նույն նպատակով ԵԱՀԿ-ի հավելյալ դիտորդների տեղակայում։

Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև ԵԱՀԿ-ը աջակցել են այս նախաձեռնություններին, Ադրբեջանը, սակայն, ընդդիմանում է:

«Մենք միանում ենք հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսին և կոնգրեսական Բրեդ Շերմանին»,- հայտարարել է Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, վերահաստատելով Ադրբեջանի նախագահի նկատմամբ ճնշումներ գործադրելու՝ նախագահ Բարաք Օբամայի «բացառիկ հնարավորությունները»:

Ավելի վաղ Էդ Ռոյսի և Էլիոթ Ինգըլի նախաձեռնությանը միացել են ավելի քան 80 կոնգրեսականներ: ԱՄՆ Պետքարտուղարությունը ողջունել է կոնգրեսականների առաջարկը: