Մատչելիության հղումներ

Պետդեպարտամենտը ողջունում է Ռոյսի և Ինգըլի նախաձեռնությունը


Մեջբերում կոնգրեսականների նամակին ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջուլիա Ֆրայֆիլդի պատասխանից, լուսանկարը՝ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի

Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը պաշտոնապես ողջունել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի, մեկ այլ ազդեցիկ կոնգրեսական Էլիոթ Ինգըլի և նրանց ավելի քան 80 գործընկերների նախաձեռնությունը՝ ուղղված ղարաբաղյան շփման գծում ադրբեջանական կողմի բռնության աճի կասեցմանը: Այս մասին հաղորդում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը:

Կոնգրեսականները, հիշեցնենք, մասնավորապես առաջարկում են պատերազմի հնարավորությունը բացառելու նպատակով կատարել երեք պայման՝ շփման գծից հետ քաշել դիպուկահարներին, ակտիվացնել ԵԱՀԿ-ի դիտորդական գործողություններն ու ստեղծել սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ:

Հայ դատի գրասենյակն իր հաղորդագրությունում նշում է, որ վերջին մեկ տարում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով սպանվել է 40 հայ: Գրասենյակը հիշատակում է Ադրբեջանի պաշտպանության նախարարի երեկվա ռազմաշունչ հայտարարությունները՝ հայկական կողմին նոր «կործանարար» հարվածներ հասցնելու սպառնալիքով:

Հայ դատի գրասենյակը փոխանցում է, որ իր տրամադրության տակ է Էդ Ռոյսի և Էլիոթ Ինգըլի նամակին Պետդեպարտամենտի նոյեմբերի 12-ով թվագրված պատասխանի պատճենը, որում Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջոն Քերրիի իրավական հարցերով օգնական Ջուլիա Ֆրայֆիլդը գրել է․ - «Միացյալ Նահանգները սատարում է դիպուկահարներին հետ քաշելու առաջարկները, ԵԱՀԿ-ի հետաքննությունների մեխանիզմների ընդլայնումը և շփման գծում ու Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին կրակոցները տեղորոշող զգայուն սարքերի տեղադրումը: Առանց հրադադարի խախտումների վերաբերյալ պնդումները ստուգելու կամ կրակոցների արձակման վայրը որոշող սարքերի համանախագահների համար դժվար է ուժի կիրառման համար կոնկրետ մեղադրանքներ ներկայացնել մի կողմին»:

Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, հիշեցնենք, կողմ են Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունում լուրջ քննարկումների արժանացած նախագծի պայմաններին: Հայ դատի գրասենյակն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Միացյալ Նահանգների նախագահ Բարք Օբամայի վարչակազմը և ԵԱՀԿ-ը նույնպես համաձայն են նախաձեռնությանը: Միայն Ադրբեջանն է ընդդիմանում այդ քայլերի իրականացմանը, շեշտված է հաղորդագրությունում:

Էդ Ռոյսը անցյալ շաբաթ հույս է հայտնել, որ մի օր Լեռնային Ղարաբաղը կապրի խաղաղության մեջ, նաև շնորհակալություն է հայտնել մարդկանց, որոնք ամեն ինչ անում են խաղաղության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG