ԱՄՆ-ը ուրբաթ օրվա ահաբեկչությունների համակարգված լինելու ապացույցներ չի տեսնում

Ֆրանսիա - Ոստիկանները աշխատում են հունիսի 26-ի ահաբեկչության վայրում

Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը հայտարարել է, թե Թունիսում, Ֆրանսիայում և Քուվեյթում ուրբաթ օրը իրականացված ահաբեկչական հարձակումների համակարգված լինելու որևէ ապացույց առայժմ չկա:

Հունիսի 26-ին Թունիսում զինված ահաբեկիչը կրակ է բացել ծովափնյա հանգստավայրում՝ սպանելով առնվազն 37 զբոսաշրջիկի:

Քուվեյթի մայրաքաղաքում շիաների մզկիթում ինքնասպան ահաբեկիչը ռումբ է պայթեցրել՝ դառնալով 25 մարդու մահվան պատճառ: Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»:

Իսկ ֆրանսիական Լիոն քաղաքի մերձակայքում անհայտ անձինք ներխուժել են հեղուկ գազի արտադրության ամերիկյան ընկերության տարածք, կա մեկ զոհ և մեկ վիրավոր:

Հաղորդվում է, որ բռնությունները տեղի են ունեցել օրեր անց այն բանից հետո, երբ «Իսլամական պետության» գրոհայինները իրենց հետևորդներին հորդորել են «սրբազան Ռամադանը դարձնել անհավատների համար արհավիրքների ամիս»։