Կիևը ահաբեկչության մեղադրանք առաջադրեց երկու ռուս զինծառայողներին

Ուկրաինացի բարձրաստիճան զինվորականները Կիևում ասուլիսի ժամանակ ցույց են տալիս ձերբակալված ռուս զինծառայողներից առգրավված զենքը, 18-ը մայիսի, 2015թ․

Ուկրաինան ահաբեկչության մեղադրանք է առաջադրել երկրի արևելքում ձերբակալված ռուսաստանցի երկու զինծառայողներին: Այդ մասին տեղեկացնում է ուկրաինական անվտանգության ծառայությունը։

Ձերբակալված զինծառայողներ Եվգենի Երոֆեևին ու Ալեքսանդր Ալեքսանդրովին թույլատրվել է զանգահարել Ռուսաստան՝ հարազատներին, իր ֆեյսբուքյան էջում գրել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ներկայացուցիչներից մեկը։

Մոսկվան հերքում է իր մասնակցությունը Ուկրաինայի արևելքում ընթացող ռազմական գործողություններին։

Ուկրաինայում ռուս զինծառայողների մահվան դեպքերը ուսումնասիրող ակտիվիստները, մինչդեռ, հայտարարել են, որ չնայած հրադադարի մասին համաձայնագրին՝ Ուկրաինայի արևելքում լայնամասշտաբ գործողություններ է իրականացնում Ռուսաստանի հետախուզության գլխավոր վարչությունը։ Ակտիվիստները գտել են գերեզման, որում թաղված երեք զինվորականները, ըստ նրանց, Տամբովում տեղակայված ռուսական հետախուզական բրիգադից են։