Մինսկում կհանդիպեն Ռուսաստանի, Ուկրաինայի և ԵԱՀԿ պաշտոնյաները

Ուկրաինա - Ռուսամետ անջատականների զրահատեխնիկան Դոնեցկում, 27-ը ապրիլի, 2015թ․

Սպասվում է, որ այսօր Մինսկում արտակարգ խորհրդակցության շրջանակում հանդիպելու են Ռուսաստանի, Ուկրաինայի ու ԵԱՀԿ-ի պաշտոնյաները՝ քննարկելու Ուկրաինայի արևելքում հրադադարի մասին Բելառուսի մայրաքաղաքում փետրվարի 12-ին ստորագրված համաձայնագրի կիրառման հարցը։

Նախքան հանդիպումը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մոսկովյան ասուլիսում հայտարարել է, որ Եվրամիությունը աչք է փակում անջատականների վերահսկողության տակ գտնվող շրջանների ուղղությամբ հարձակումների վրա, որոնց հետևանքով սպանվում են քաղաքացիական անձինք։ Դատելով որոշակի նշաններից՝ Եվրամիությունում ինչ-որ մեկը ցանկանում է, որ Ուկրաինայի կառավարությունը չկիրառի Մինսկի համաձայնագիրը, ասել է Լավրովը Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի հետ բանակցելուց հետո։