ԵՄ առաջնորդները Կիևում Պորոշենկոյի հետ գագաթնաժողով կանցկացնեն

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Փարիզում, 22-ը ապրիլի, 2015թ․

Եվրամիության առաջնորդները Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ այսօր Կիևում անցկացնելու են գագաթնաժողով, որի առանցքում է լինելու փետրվարին Մինսկում ստորագրված հրադադարի համաձայնագրի կետերի պահպանման հարցը։

Ուկրաինայի զինուժը երեկ հաղորդել է, որ երկրի արևելքում ռուսամետ անջատականների հարձակման հետևանքով մեկ զինծառայող զոհվել է, 7-ը՝ վիրավորվել։

Ուկրաինական զինվորական ներկայացուցիչ Ալեքսանդր Մոտուզյանյուկն ասել է, որ անջատականները ավելացրել են կառավարական ուժերի վրա հարձակումները՝ այդպիսով խախտելով հրադադարի ռեժիմը և խոչընդոտելով խաղաղության հասնելու քայլերին։ Ըստ Մոտուզյանյուկի, չնայած կողմերի միջև պայմանավորվածությանը՝ անջատականներն օգտագործում են խոշոր տրամաչափի հրետանի։

Անջատականներն էլ, իրենց հերթին, Կիևին են մեղադրում հրադադարը խախտելու համար։