ԵԽԽՎ նստաշրջանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հանելու հարց «չի լինի»

ԵԽԽՎ նստաշրջանը Ստրասբուրգում, արխիվ

Այսօր Ստրասբուրգում աշխատանքները կսկսի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանը:

Նախատեսված են քննարկումներ «Իսլամական պետության» իրականացրած զանգվածային սպանությունների վերաբերյալ՝ մարդու իրավունքների տեսանկյունից:

Նստաշրջանի ժամանակ իր տարեկան գործունեության վերաբերյալ զեկույց պետք է ներկայացնի Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը: Հանձնակատարը անցյալ տարի այցելել էր նաև Հայաստան, զեկույցում ավելի ուշ ներառել էր քննադատական գնահատականներ՝ Շանթ Հարությունյանին և ընկերներին բանտերում պահելու, նրա անչափահաս որդու նկատմամբ քրեական հետապնդման, Հայաստանի արդարադատության համակարգի, բանակում, ոստիկանությունում արձանագրվող ապօրինությունների մասին:

Ռուսաստանի համար Վեհաժողովի նստաշրջանն ուշագրավ է առավելապես պատժամիջոցների շարունակության հարցի տեսանկյունից: Ռուսական մամուլում քննարկումներ կան, թե ինչ վերաբերմունք կդրսևորի Վեհաժողովն ավելի վաղ սահմանված պատժամիջոցների կապակցությամբ:

Ռուսաստանի պատվիրակության նկատմամբ Վեհաժողովը պատժամիջոցներ էր սահմանել Ղրիմի բռնակցումից հետո, Ուկրաինայի արևելքում հազարավոր մարդկանց սպանությունների պատճառ դարձած ճգնաժամի հետևանքով:

Այսօր մեկնարկող նստաշրջանի օրակարգով, Ոուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցին անդրադարձ կարող է լինել չորեքշաբթի օրը:

Վեհաժողովի մշտադիտարկման հանձնաժողովի ներկայացուցիչ Շտեֆան Շեննախը հայտարարել է, որ «գրեթե 100-տոկոսանոց համոզմունքով կարելի է ասել, որ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները հանելու հարց չի լինի»:

Հունվարի վերջին ԵԽԽՎ-ում Ռուսաստանին ձայնի իրավունքից զրկելու, նաև՝ Վեհաժողովում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելու որոշմանը կողմ էր 160, դեմ՝ 42 պատվիրակ, հայկական պատվիրակության 3 ներկայացուցիչ ձեռնպահ էր քվեարկել:

Թեև պատժամիջոցներ սահմանելով, քվեարկելու իրավունքից զրկելով հանդերձ՝ Վեհաժողովը ռուսաստանյան պատվիրակությանն ընձեռում էր նիստերին մասնակցելու և քննարկումների ժամանակ ելույթներով հանդես գալու հնարավորություն, ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հայտարարել էր, որ պատվիրակությունը ԵԽԽՎ-ն լքում է մինչև տարեվերջ»: Նա Վեհաժողովի որոշումը որակել էր «ոչ համարժեք» և ասել, որ եթե Վեհաժողովը չվերականգնի ռուսական պատվիրակության իրավունքները, Ռուսաստանն առաջ կքաշի Եվրոպայի խորհրդից դուրս գալու հարցը: Պուշկովը ավելացրել էր, որ այդ դեպքում Ռուսաստանի քաղաքացիները կզրկվեն նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորությունից:

Անցյալ տարի Ռուսաստանի արդարադատության նախարարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ Եվրոպական դատարան դիմումների քանակով Ռուսաստանը երկրների ցուցակում գրավել էր երրորդ տեղը, ռուսաստանցիները իրենց պետության դեմ ներկայացրել էին 14 հազար 700 դիմում: