Մատչելիության հղումներ

Հայաստանը ձեռնպահ է քվեարկել ԵԽԽՎ-ում Ռուսաստանին ձայնից զրկելու բանաձևին


Հայաստանը ձեռնպահ է քվեարկել ԵԽԽՎ-ում Ռուսաստանին ձայնից զրկելու բանաձևին
please wait

No media source currently available

0:00 0:04:22 0:00

Վերլուծաբանի կարծիքով, նման քվեարկությամբ Երևանը ուղերձ է հղում Արևմուտքին:

ԵԽԽՎ-ում Ռուսաստանին ձայնից զրկելու բանաձևին հայաստանյան պատվիրակության ձեռնպահ քվեարկելը նշանակում է, որ Երևանը չի ցանկանում նպաստել Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների էլ ավելի սրմանը, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Երեկվա քվեարկությանը չի մասնակցել հայաստանյան պատվիրակության չորրորդ անդամը՝ հանրապետական Արփինե Հովհաննիսյանը: Մնացած երեքը՝ պատվիրակության ղեկավար, հանրապետական Հերմինե Նաղդալյանը, հանրապետական Նաիրա Կարապետյանը և ՕԵԿ-ի անդամ Մհեր Շագելդյանը ձեռնպահ են քվեարկել:

«Մենք պետք է ձեռնպահ մնանք սուր կողմնորոշումներից, որովհետև մեր կարգավիճակը այդպես է թույլ տալիս»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը։

Նկատենք, որ ադրբեջանական պատվիրակությունը դեմ է քվերակել Ռուսաստանին ձայնից զրկելու բանաձևին, իսկ վրացականը՝ կողմ։

Անցած տարվա մարտին միջազգային հանրության ուշադրության կենտրոնում հայտնված մեկ այլ քվեարկության ժամանակ՝ ՄԱԿ-ում Ղրիմի հարցով, Հայաստանն իր ձայնը տվեց Ռուսաստանի օգտին՝ դեմ քվեարկելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ճանաչող բանաձևին: Այդ ժամանակ Հայաստանը հայտնվեց փոքրամասնության մեջ. բանաձևին դեմ էր քվեարկել ընդամենը 11 երկիր, այդ թվում՝ Բելառուսը, Սուդանը, Սիրիան, Հյուսիսային Կորեան, Զիմբաբվեն:

Այսօր Վահրամ Բաղդասարյանին հարցրեցինք՝ արդյոք ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության քվեարկությունը պետք է ընկալել որպես ուղե՞րձ Արևմուտքին, թե անգամ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո պաշտոնական Երևանը ցանկանում է շարունակել համագործակցությունը:

«Մենք Եվրասիական միության մեջ մտել ենք, Եվրասիական միությունը ռազմավարական գործընկերն է, բայց մենք որևէ մեկ անգամ չենք փակում մեր դռները Արևմուտքի առջև, Արևմուտքի հետ մեր բանակցությունները շարունակվում են, մեր տնտեսական համագործակցությունը շարունակվելու է։ Ինձ թվում է՝ մոտակա բանակցությունները նաև արդյունքներ կունենան»,- ասաց Հանրապետական խմբակցության ղեկավարը։

Քվեարկությունից օրեր առաջ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի մոտ կայացել էր աշխատանքային խորհրդակցություն՝ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամների մասնակցությամբ: Բաղդասարյանն ասաց՝ թեև այդ խորհրդակցությանը չի մասնակցել, սակայն կարծում է, որ «ԱԳՆ-ի հետ նախապես համաձայնեցված էր պատվիրակության դիրքորոշումը»:

Այս անգամ Ստրասբուրգ չէին մեկնել հայաստանյան պատվիրակության երկու անդամները՝ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը և ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը: Նրանց փոխարինել են Նաիրա Կարապետյանն ու Մհեր Շահգելդյանը։

«Բարգավաճ Հայաստանից» այսօր չարձագանքեցին, թե ինչպես են վերաբերվում հայաստանյան պատվիրակության քվեարկությանը: Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Ազատությանը» ասաց, որ «առողջական խնդիրների պատճառով չի մեկնել Ստրասբուրգ, ու քանի որ կոնկրետ իրավիճակին չի տիրապետում, դժվարանում է որևէ մեկնաբանություն տալ հայաստանյան պատվիրակության քվեարկության վերաբերյալ»:

Այս քվեարկությամբ Երևանը ուղերձ է հղում Արևմուտքին

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի համոզմամբ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նման քվեարկությունը նշանակում է, որ Երևանը ուղերձ է հղում Արևմուտքին՝ «ԵՏՄ-ին անդամակցելուց հետո դռները փակված չեն, և ցանկանում ենք շարունակել համագործակցությունը»:

«Եվրասիական միությանը անդամակցելու ճանապարհին ու հատկապես Ղրիմի հարցով ՄԱԿ-ում կայացած քվեարկությունից հետո Հայաստանը սկսեց հայտնվել մեկուսացման մեջ, և պարզ է՝ սա չէր կարող չանհանգստացնել Հայաստանի իշխանություններին»,- ասաց վերլուծաբանը:

«Դա է պատճառը, որ որոշում ընդունվեց քվեարկել ձեռնպահ։ Դա նշանակում է, որ պրոռուսական դիրքորոշում չենք ցուցաբերի ԵԽԽՎ-ում»,- նկատեց Ստեփան Գրիգորյանը։

Գրիգորյանի խոսքով՝ վերջին կես տարում Եվրոպայում նկատելիորեն փոխվել է Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը, և այնտեղ համոզված են, որ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցած Հայաստանն այլևս զրկված է ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից:

«Այս քայլով Հայաստանի իշխանությունները մեսիջ են հղում Արևմուտքին, որ դա այդպես չէ, և ցանկանում ենք շարունակել համագործակցությունը»,- ընդգծեց մեր զրուցակիցը.- «Այսինքն պետք չէ մոռանալ, որ ԵԽԽՎ-ի քվեարկությունները քաղաքականապես մեծ ազդեցություն ունեն և մեծ ռեզոնանս են տալիս՝ ինչպես են քվեարկում պետությունները, ինչպիսին են այդ պետությունների տրամադրությունները։ Այո, դա մեսիջ էր, և ասեմ, որ Հայաստանի այս դիրքորոշման մեջ մեղավոր էր նաև Ռուսաստանը։ Հայաստանը դարձել է ԵՏՄ-ի անդամ, պարզ է՝ կարող են Ռուսաստանից աջակցություն ստանալ ֆինանսական ոլորտում, բայց մենք տեսնում ենք, որ անդամակցությունը Հայաստանի բացի բացասականից ոչինչ չի տվել, ավելին՝ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին»։

XS
SM
MD
LG