Ջանելիձեն, Յըլմազը և Հասանովը հանդիպեցին փակ դռների ետևում

Այսօր Թբիլիսիում փակ դռների ետևում կայացել է Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Մինդիյա Ջանելիձեի, Իսմեթ Յըլմազի և Զաքիր Հասանովի հանդիպումը:

Վրացական և ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման հարցեր:

«Մեր համագործակցությունը ուղղված է տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը, ինչպես նաև մեր երկրի զինված ուժերի հնարավորությունների զարգացմանը: Մեր համագործակցությունը ուղղված չէ որևէ կողմի դեմ», - հանդիպումից հետո հայտարարել է Ջանելիձեն:

Յըլմազն ասել է, թե «եռակողմ հանդիպման ձևաչափը լավ մեխանիզմ է Հարավային Կովկասում խաղաղության, բարօրության և կայունության պահպանման համար»:

Իսկ Հասանովը, իր հերթին, հայտարարել է․ - «Հայաստանը տարածաշրջանի միակ պետությունն է, որը տարածքային պահանջներ է ներկայացնում մեր երկրներին, մենք շարունակելու ենք քննարկել այդ խնդիրը»:

Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ այս ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա աշնանը իր երկրում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարը, հիշեցնենք, նախօրեին ասել էր, թե Թբիլիսիում կայանալիք բանակցությունների արդյունքում եռակողմ համաձայնագիր է ստորագրվելու: Այդ առնչությամբ, սակայն, այսօր առայժմ որևէ բան չի հաղորդվում: